ՊԱՏԱՆԻ  ՍԱՄՈՒԵԼԸ

ՊԱՏԱՆԻ ՍԱՄՈՒԵԼԸ

(Ա Թագավորներ 3)

Իսրայելացիներն արդեն տարիներ ի վեր ապրում էին խոստացված երկրում։ Նրանք տներ կառուցեցին, վարելահողեր մշակեցին և խաղողի այգիներ տնկեցին՝ շարունակ պաշտպանելով իրենց երկիրը թշնամիներից։

Վկայության խորանը կամ սրբարանը, որտեղ անապատի դեգերումներից ի վեր պահվում էին Աստծու տասը պատվիրանների տապանակը, գտնվում էր լեռան վրա։ Մարդիկ Աստծուն աղոթելու կամ զոհ մատուցելու ցանկության դեպքում լեռն էին բարձրանում։

Հեղի քահանան նստել էր սրբարանի մուտքի առաջ և նայում էր այդտեղ բարձրացող մարդկանց։ Նա ծերացել էր, դրա համար իր քահանայական պարտականությունները չէր կատարում, դա հիմա նրա որդիներն էին անում։ Սակայն նրանք, ցավոք, Աստծուն հնազանդ չէին և վատ արարքներ շատ էին թույլ տալիս իրենց։ Հեղին գիտեր այդ մասին և դռանությամբ էր նրանց ասում, որ ճիշտ չեն վարվում, բայց որդիները հոր խոսքերին ուշադրություն չէին դարձնում։

Մի անգամ Հեղիի մոտ մի կին եկավ՝ փոքրիկ տղա երեխայի ձեռքը բռնած։

- Ողջու՜յն։ Իմ անունը Աննա է։ Դո ինձ հիշու՞մ ես։ Տարիներ առաջ այստեղ՝ այս խորանի առաջ, ես Աստծուն աղոթեցի ինձ որդի պարգևի։ Ես այն ժամանակ շատ էի հուսահատվում, գանգատվում էի ու լալիս, հիշու՞մ ես։ Իսկ հիմա ես երջանիկ եմ։ Ահա՛ իմ որդին, - կինը գորովալից նայեց որդուն։ - Դու ինձ այն ժամանակ ինքդ ասացիր, որ Աստված կլսի իմ աղոթքը։ Իմ որդու անունը Սամուել է, և նա պետք է քեզ հետ մնա։ Նա կօգնի քեզ Աստծուն ծառայության մեջ։ Ես ուխտ եմ արել նրան Տիրոջն ընծայել։

- Աստված օրհնի քեզ, Սամուել, - ասաց Հեղին։ - Գնա՛նք, ես քեզ ցույց կտամ այն տեղը, որտեղ դու պիտի ապրես։

Սամուելին դուր էր գալիս օգնել Հեղիին։ Մի անգամ երեկոյան Սամուելը հոգնած պառկեց Ուխտի տապանակի մոտ և քնեց։ Հանկարծ նա արթնացավ ձայնից, որ կանչում էր նրան անունով։

- Ի՞նչ է պատահել, - բացականչեց նա։

Ոչ ոք չպատասխանեց։ Այդժամ նա վեր կացավ և վազեց Հեղիի մոտ։

- Դու ինձ կանչեցի՞ր, - հարցրեց նա։

- Ո՛չ, - պատասխանեց Հեղին, - ես քեզ չեմ կանչել։ Պառկի՛ր քնելու։

«Տարօրինակ է», - մտածեց Սամուելը։ Նա հետ վերադարձավ և շուտով քնեց։

- Սամուե՜լ, - կրկին լսեց տղան և վախից դողաց։

Նա արագ վազեց Հեղիի մոտ։

- Իսկ հիմա դու ինձ կանչեցի՞ր։

- Ո՛չ, ես քեզ չեմ կանչել, տղա՛ս, - գլուխը թափահարեց Հեղին։ - Գնա՛, քնի՛ր։

Սամուելը կրկին քնեց։ Եվ ահա նա կրկին լսեց, թե ինչպես է ինչ-որ մեկը բարձրաձայն անունով կանչում իրեն։ «Չի կարող պատահել, որ ես կրկին սխալված լինեմ», - մտածեց նա և վազեց Հեղիի մոտ։

- Այստե՛ղ եմ, Հեղի, քեզ ինչ-որ բան բերե՞մ։

Քահանան հասկացավ, որ այդ Աստված է տղային կանչում։

- Հե՛տ գնա և քնի՛ր։ Եվ երբ Աստված կրկին քեզ անունով կանչի, ապա այսպես պատասխանի՛ր․ «Խոսի՛ր, Տե՛ր, Քո ծառան լսում է Քեզ»։

Սամուելը դանդաղ պառկեց անկողնում և սկսեց սպասել։ Եվ հանկարծ կրկին լսեց ձայնը․

- Սամուե՜լ, Սամուե՜լ։

- Խոսի՛ր, Տե՛ր, Քո ծառան լսում է Քեզ, - դողացող ձայնով կամացուկ ասաց Սամուելը։

Եվ Աստված ասաց նրան․

- Ես դատ եմ անելու Հեղիի տան վրա։ Ես պատժելու եմ նրան այն բանի համար, որ նա չկանգնեցրեց իր որդիներին, թեև գիտեր, որ իրենց վարքով նրանք պատվազրկում են Աստծուն։ Նրանք երկուսն էլ նույն օրը պիտի մեռնեն։

Սամուելը, լսելով Տիրոջ այս սոսկալի ուղերձը, մինչև առավոտ չկարողացավ աչք փակել։ Երբ արևը ծագեց, Սամուլը բաց արեց խորանի դռները։

- Աստված քեզ ի՞նչ ասաց գիշերը, - հարցրեց Հեղին։

Սամուելը հապաղեց պատասխանել, չցանկանալով պատմել Տիրոջ սոսկալի նախազգուշացման մասին, բայց հետո որոշեց ամեն ինչ պատմել Հեղիին։

Քահանան սկզբում փոքր ինչ լռեց, ապա ուսերը թոթվեց և տխուր ասաց․

- Եթե Աստված դա ասաց, ապա այդպես էլ կլինի։ Նա է Տերը։

Մի քանի տարի անց ամեն բան ճշգրտությամբ կատարվեց այնպես, ինչպես Աստված Սամուելին ասել էր այդ գիշեր։

Տարիներն անցնում էին, Սամուելը մեծանում էր, և Տերը նրա հետ էր։

Ամբողջ Իսրայելը գիտեր, որ Սամուելն արժանի է Տիրոջ մարգարեն լինել։ Տերը նրան հայտնում էր կարևոր ճշմարտություններ, որոնք Սամուելը փոխանցում էր Իսրայելի ժողովրդին։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Աստված ինչու՞ էր դժգոհ Հեղիից։

  2. Աստված քանի՞ անգամ տաճարում / խորանում Սաուելին դիմեց։

  3. Ի՞նչ ասաց Աստված Սամուելին։

31. ՊԱՏԱՆԻ ՍԱՄՈՒԵԼԸ00:00 / 07:02