ԾՂՈՏԵ ԶԱՄԲՅՈՒՂԸ

ԾՂՈՏԵ ԶԱՄԲՅՈՒՂԸ

(Ելք 1, 2)

Երկար ժամանակ անցավ այն պահից ի վեր, երբ Հակոբը և նրա որդիները տեղափոխվեցին Հովսեփի մոտ Եգիպտոս։ Այժմ նրանք ուղղակի ընտանիք չէին, այլ իսկական մի ժողովուրդ՝ Իսրայելի ժողովուրդը։ Եգիպտացիները վաղուց մոռացել էին Հովսեփի և նրա օգնության մասին։ Փարավոնները հաջորդում էին մեկը մյուսին, և այժմ եգիպտացիներին թվում էր, թե այս եկվորները սպառնում են իրենց։ Դրա համար նոր փարավոնն իսրայելացիներին դարձրեց ստրուկներ՝ դառնացնելով նրանց կյանքը ստրկական աշխատանքով, ստիպելով նրանց կավից ու ծղոտից աղյուսներ պատրաստել։ Նա հրեաների վրա վերակացուներ կարգեց, որոնք պետք է նրանց տանջեին ծանր աշխատանքներով։ Երբ նրանք չէին հասցնում անհրաժեշտ քանակությամբ աղյուսներ պատրաստել, այդ վերակացուները ծեծում էին նրանց։

Բայց որքան էլ եգիպտացիները ջանային ստորացնել իսրայելացի ժողովրդին, այն էլ ավելի էր բազմապատկվում և օր օրի դառնում էր ավելի ուժեղ։ Այդ պատճառով փարավոնը մի ահավոր բան մտածեց․ սպանել բոլոր իսրայելացի տղա երեխաներին նրանց ծնվելուց անմիջապես հետո։

Մի բարեպաշտ հրեա կին արու զավակ ծնեց։ Մայրը գիտեր, որ միայն Աստված կարող էր փրկել իր մանկիկին, և անդուլ Նրան էր աղոթում։ Նա երկար ժամանակ թաքցնում էր երեխային եգիպտացիներից։ Բայց երբ երեխան երեք ամսեկան դարձավ, նա հասկացավ, որ այլևս չի կարող թաքցնել։ Մարիամը՝ երեխայի քույրը, օգնում էր մորը պառկեցնել փոքրիկ եղբորը ծղոտից հյուսված զամբյուղի մեջ, որ ներսից պատված էր նյութով անջրանցիկ դառնալու համար։ Հետո նրանք վերցրին զամբյուղը և գնացին Նեղոս գետը։ Այնտեղ զամբյուղը դրեցին ափից ոչ հեռու՝ եղեգների մեջ։ Այստեղ զամբյուղին հոսանքը չէր քշի և ափից էլ չէր կարող լողալ։ Մարիամը թաքնվել էր մոտակայքում և հետևում էր, թե ինչ էր լինելու զամբյուղին։ Շուտով աղջիկը տեսավ կանանց, որ դեպի գետն էին գնում, բոլորից առջևով գնում էր շքեղ հագնված երիտասարդ մի տիրուհի։ Դա փարավոնի դուստրն էր, իսկ մյուսները, հավանաբար, նրա նաժիշտներն էին։ Թվում է արքայադուստրը պատրաստվում էր այստեղ լողանալ։ Նա հանվեց և դանդաղ մտավ ջուրը։ Մարիամը սրտի ուժեղ տրոփյունով հետևում էր, թե ինչպես է փարավոնի դուստրը ավելի ու ավելի մոտենում այն վայրին, որտեղ զամբյուղի մեջ դրված էր իր եղբայրը։ Հանկարծ նա կանգ առավ։

- Այս ի՞նչ է, - բացականչեց արքայադուստրը։

Նա հրամայեց նաժիշտին ջրից հանել զամբյուղը և բացեց կափարիչը։

- Երևի սա իսրայելացու երեխա է։ Հավանաբար մայրը ցանկացել է թաքցնել նրան հորս զինվորներից, - ասաց փարավոնի դուստրը իրեն ուղեկցողներին։

- Ի՞նչ անենք նրա հետ, - հարցրին նրանք։

- Ես չեմ ուզում, որ այս երեխային սպանեն։ Եվ այստեղ նա տեսավ Մարիամին, որ զգուշորեն մոտենում էր։

- Դու որտեղի՞ց հայտնվեցիր այստեղ, - հարցրեց փարավոնի դուստրը։

Մարիամը կակազելով՝ ասաց․

- Ե՞ս․․․ ես այստեղ մոտակայքում խաղում էի։ Եթե ուզում եք, ես կարող եմ գտնել և կանչել այստեղ այն կնոջը, որ կկարողանա կերակրել երեխային։

Փարավոնի դուստրը համաձայնվեց, և Մարիամը հևիհև սլացավ դեպի տուն։ Հազիվ շունչը կարգավորեց և ամեն բան պատմեց մորը։

- Աստված աղոթքս լսեց, - ասաց մայրը՝ ուրախությունից փայլելով։

Հետո նրանք երկուսով շտապեցին դեպի գետը։

- Վերցրու՛ այս մանկանը, տո՛ւն տար և հոգ տար նրա մասին, - ասաց փարավոնի դուստրը։ - Ես քեզ դրա համար կվճարեմ։ Իսկ երբ տղան մեծանա, բե՛ր նրան ինձ մոտ, նա կլինի իմ որդեգիր զավակը։

Մայրն այնքան երջանիկ էր, որ չկարողացավ մի բառ ասել։ Նա միայն գլխով էր անում։ Փարավոնի դուստրը համբուրեց մանկանը՝ ասելով․

- Ցտեսությո՜ւն, տղա՛ս, - և գնաց ի կառքը։

Մարիամն ու մայրը նույնպես համբուրեցին նրան և ասացին․

- Բարի գալուստ տուն։

Մի քանի տարի մանուկն ապրեց իր ընտանիքում, նրան սովորեցրին սիրել Աստծուն և աղոթել Նրան։ Երբ տղան մեծացավ, մայրը նրան բերեց փարավոնի պալատ։ Արքայադուստրը նրան Մովսես անվանեց և հոգ տարավ, որպեսզի նրան շատ բաներ ուսուցանեն և դաստիարակեն փարավոնի որդու պես։

Մովսեսը հնարավորության դեպքում այցելում էր հորն ու մորը, քրոջը՝ Մարիամին և եղբորը՝ Ահարոնին։

Նրա համար ծանր էր այն ինչ տեսնում էր՝ պալատաից դուրս գալիս և իսրայելացիների բնակավայրերով անցնելիս։

- Սա ուղղակի անարդար է, որ եգիպտացիներն այդքան լավ են ապրում, իսկ իմ ժողովուրդը տառապում է։ Իսրայելի որդիներն առավոտից իրիկուն աշխատում են, կիսասոված ապրում և չեն կարողանում նույնիսկ իրենք իրենց տնօրնել։

Մի անգամ նա տեսավ, թե ինչպես են իսրայելացուն ստիպում ծանր բեռ տանել, իսկ եգիպտացին նույնիսկ մտրակով քշում էր նրան։ Իսրայելացին հենց տեղում ընկավ, եգիպտացին էլ սկսեց նրան մտրակահարել՝ ստիպելով կանգնել։ Մովսեսն այլևս չէր կարողանում անհաղորդ մնալ այդպիսի դաժանության ու անարդարության հանդեպ։ Նա արագ շուրջը նայեց՝ տեսնելու, թե արդյո՞ք ինչ-որ մեկը չի տեսնում, ապա վազելով մոտեցավ ու սպանեց եգիպտացուն։ Զոհին տեսնելուն պես՝ նա գիտակցեց, թե ինչ արեց։

Հաջորդ օրը Մովսեսը նկատեց իրար հետ վիճող երկու իսրայելացու։ Նա մոտեցավ և ասաց այն մեկին, որ ճիշտ չէր․

- Հանգի՛ստ թող նրան։ Ինչու՞ ես քո եղբորը ծեծում։

Նա պատասխանեց նրան․

- Իսկ քո ի՞նչ գործն է։ Գուցե ուզում ես ի՞նձ էլ սպանել, ինչպես երեկ այն եգիպտացուն սպանեցիր։

Մովսեսը վախից սփրթնեց։ «Ինչպե՞ս այդքան արագ դա հայտնի դարձավ, - մտածեց նա։ - Եթե փարավոնն իմանա, որ ես եգիպտացու եմ սպանել, ապա ինձ մահապատժի կենթարկի։ Ես պետք է փախչեմ»։

Նա այլևս պալատ չվերադարձավ։ Փարավոնն իմանալով սպանության մասին, իսկապես, որոշեց պատժել Մովսեսին և հրամայեց փնտրել նրան։

Վախով ու տխրությամբ համակված, ինքն իրենից դժգոհ, Մովսեսը ստիպված եղավ թաքնվել իրեն փնտրողներից՝ ավելի ու ավելի հեռանալով Եգիպտոսից, մինչև որ հասավ Մադիամի երկիր։

Այստեղ միայն ավազ ու քարեր էին, և Մովսեսն ուախացավ, երբ իրեն հաջողվեց ջրհոր գտնել։ Նա ծարավն էր հագեցնում, երբ ջրհորին մոտեցան մի քանի աղջիկներ՝ իրենց ոչխարներին ջուր խմեցնելու։ Մովսեսն օգնեց նրանց, իսկ նրանք, ի նշան շնորհակալության, նրան հրավիրեցին իրենց հետ հաց ուտելու։ Այդ յոթ աղջիկները Հոթոր անունով մի մարդու դուստրերն էին։ Քանի որ Հոթորը որդիներ չուներ, ապա նրան ուժեղ և երիտասարդ մարդ էր պետք, իսկ որովհետև Մովսեսն էլ առանց որոշակի նպատակի դեգերում էր, ապա Հոթորը նրան առաջարկեց իր մոտ մնալ։ Այդ կերպ Մովսեսը փարավոնի շքեղ պալատը փոխարինեց Մադիամի երկրում գտնվող վրանով։

Շուտով նա ամուսնացավ Հոթորի ավագ դստեր՝ Սեփորայի հետ, և նրանք որդի ունեցան։ Մովսեսը հովվում էր աներոջ հոտը և սկսել էր մոռանալ Եգիպտոսը։ Նույնիսկ իր հարազատ ժողովրդի մասին գրեթե դադարեց մտածել։

Բայց Աստված չմոռացավ իսրայելացիներին։ Նա տեսնում էր նրանց տանջանքները, լսում նրանց աղոթքները և որոշեց օգնել։ Եվ դրա համար Նա կանչեց Մովսեսին։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ինչու՞ էր փարավոնը ծանր աշխատանքներով տանջում իսրայելացիներին։

  2. Ի՞նչ մտածեց փարավոնը Իսրայելի ժողովրդին ոչնչացնելու համար։

  3. Ինչպե՞ս վարվեց Մովսեսի մայրն իր մանուկի հետ։

  4. Ի՞նչ հասցրեց ուսուցանել Մովսեսին մայրը, մինչ նա դաստիարակվում էր իր հարազատ տանը։

18. ԾՂՈՏԵ ԶԱՄԲՅՈՒՂԸ00:00 / 10:37