
ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻ ՋՐԵՐԻ ՄԻՋՈՎ
(Ելք 13․20-22, 14, 15․1,22)
Իսրայելացիները նոր էին հեռացել, փարավոնն արդեն զղջաց, որ դա նրանց թույլ էր տվել։
- Մենք պետք է հասնենք նրանց հետևից, - հրամայեց նա իր զինվորներին։ - Հե՛տ վրադարձնենք նրանց և խստորեն պատժենք։
Եգիպտացիները, երկանիվ սայլերն արագավազ ձիերին լծած, նետաձիգների ուղեկցությամբ նետվեցին իսրայելացիներին հետևից։
Իսրայելի որդիները գնում էին Քանաանի երկիր։ Աստված ինքն էր նրանց ճանապարհը ցույց տալիս։ Նա ցերեկն առաջնորդում էր ամպի սյան տեսքով, գիշերը՝ հրե սյան։ Ցերեկն ամպը նրանց պաշտպանում էր տապից, իսկ գիշերվա հրե ամպը լուսավորում էր նրանց ճանապարհը։ Երբ ամպը կանգ էր առնում, Մովսեսի ցուցումով ժողովորդը վրաններ էր խփում և հանգստանում։ Իսկ հենց ամպը սկսում էր շարժվել, իսրայելացիները դարձյալ ճամփա էին ընկնում։
Այդպես նրանք հասան Կարմիր ծով և ընտանիքներով տեղակայվեցին ծովեզերքին։ Հազիվ հասցրեցին վրաններ խփել, երբ իրենց հետևում լսվեց աղմուկ և ձիերի տրոփյուն։ Դեպի Եգիպտոսի կողմը նայելով՝ հեռվում տեսան փարավոնին և նրա բազմաթիվ զինվորներին ձիերին լծված սայլերով։ Փարավոնը հետապնդում էր նրանց Եգիպտոս վերադարձնելու համար։
Ժողովուրդը ապշած նայում էին մոտեցող սայլերին։ Ի՞նչ անել։ Առջևում ծովն էր, հետևում՝ փարավոնն իր զինվորներով։ Իսրայելացիները շատ վախեցան և սկսեցին կշտամբել Մովսեսին․
- Ինչու՞ մեզ բերեցիր անապատում մեռնելու։ Ավելի լավ էր եգիպտացիների մոտ ստրկութան մեջ լինեինք, քան այստեղ մեռնեինք։
Այսպես խոսելով՝ նրանք անշնորհակալ վերաբերմուք ցուցաբերեցին, բայց Մովսեսը հակիրճ խոսքով հանգստացրեց նրանց․
- Մի՛ վախեցեք։ Կտեսնե՛ք, թե Տերն այսօր ինչպես ձեզ կօգնի։ Տերը ձեր փոխարեն կմարտնչի, իսկ դուք հանգիստ եղեք։
Եվ այդ պահին արտասովոր բան տեղի ունեցավ։ Ամպի սյունը, որ օրվա ընթացքում իսրայելացիների բանակատեղիի առջևում էր գտնվում և ճանապարհը ցույց տալիս, տեղափոխվել էր և կանգնել իսրայելացիների և եգիպտացի զինվորների միջև։ Հանկարծ եգիպտացիներն իրենց առաջ ամպի խիտ պատ տեսան։ Դա նրանց մեջ շփոթություն առաջացրեց, և փարավոնը հրամայեց սպասել, մինչև ամպը ցրվի։
Որքան խավար էր ամպը եգիպտացիների կողմից, այնքան պայծառ էր լուսավորում ճանապարհը Իսրայելի որդիների կողմից։ Իսրայելացիների վախը մի քիչ պակասեց։ Բայց հիմա ի՞նչ պիտի անեին։ Բոլորը Մովսեսին էին նայում։ Եվ այդ ժամանակ Աստված ասաց․
- Գավազանդ բարձրացրու՛ և մեկնի՛ր ծովի վրա, և իսրայելացիները կանցնեն ծովի միջով ինչպես ցամաքի։
Մովսեսը կանգնեց ծովի ափին և ձեռքը բարձրացրեց ջրի վրա։ Ծովը փրփրեց, և քամի բարձրացավ, որ գնալով ուժեղանում էր։ Քամին անյքան սաստիկ փչեց, որ ծովի ջուրը մի կողմի վրա հավաքեց։ Ծովի մեջտեղով ցամաքի լայն ճանապարհ բացվեց։ Վերջապես նրանց առջևում մի անցում գոյացավ, որի երկու կողմերով քամին ջուրը պահում էր բարձր պատերի պես կանգնած։ Աստված հրաշք գործեց։ Իսրայելացիները քաջալերվեցին։ Ընտանիքներն իրար հետևից հետևեցին Մովսեսին, որն առաջինը ոտք դրեց ծովի թաց հատակի վրա։
Երբ ամպը դանդաղ վեր բարձրացավ եգիպտացիների առաջից, նրանք սկսեցին արագ քշել իրենց ձիերը։ Տեսնելով ծովի միջով տանող ճանապարհը՝ նրանք ընթացան դրանով։ Շուտով նրանց սայլերի անիվները մխրճվեցին թաց ավազի մեջ, բայց փարավոնը զինվորներին հուսահատ առաջ էր քշում։ Այդ ընթացքում բոլոր իսրայելացիներն արդեն անցան մյուս ափը։ Մովսեսը շրջվեց դեպի ծովը և գավազանը մեկնեց նրա վրա։ Քամին դադարեց փչել, և ծովի ջրերը հետ դարձան։ Իսրայելացիներն ապշած ծովին էին նայում։ Եգիպտացիներն արդեն չէին երևում, միայն կոտրված անիվների մի քանի կտորներ էին լողում ջրի վրա։
Իսրայելացիները մեկ մարդու պես ցնծացին և Մովսեսի հետ միասին օրհներգ երգեցին՝ ասելով․
- Տերն իմ ամրոցն է ու իմ փառքը։ Նա եղավ իմ փրկությունը։ Նա՛ է իմ Աստվածը, Նրա՛ն եմ փառաբանելու հավիտյան։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչու՞ եգիպտացիները հետապնդեցին իսրայելացիներին։
Տերն ինչպե՞ս կանգնեցրեց փարավոնի զինվորներին։
Ի՞նչ ձևով Տերը ծովի ջուրը հետ քաշեց։