
ԱՅՐՎՈՂ ՄՈՐԵՆՈՒ ԹՈՒՓԸ
(Ելք 3-12)
Մի անգամ Մովսեսը հովվում էր ոչխարների հոտը Սինա լեռան մոտակայքում։ Հանկարծ նա մի տարօրինակ բան տեսավ․ այրվում էր մորենու թուփը։ «Ի՜նչ տարօրինակ է, թուփն այվում է ուժեղ բոցի մեջ, բայց չի մոխրանում», - զարմացավ Մովսեսը և մոտ գնաց։ Եվ այդտեղ հանկարծ նա լսեց մեկի ձայնը․
- Մովսե՜ս, Մովսե՜ս։ Ես եմ Աստվածը, որ խոսեց Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Ես տեսա Եգիպտոսում իսրայելացիների տառապանքները և լսեցի նրանց ողբը։ Ես որոշեցի ազատել նրանց գերությունից և տանել Քանաանի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։ Եվ ուրեմն, գնա՛․ Ես քեզ ուղարկում եմ փարավոնի մոտ, որպեսզի դու Իսրայելի ժողովրդին դուրս հանես Եգիպտոսից։ Մի՛ վախեցիր, Ես քեզ հետ կլինեմ։
- Ե՞ս։ Բայց եթե ես գնամ իմ ժողովրդի մոտ, Տե՛ր իմ, և ասեմ, որ ձեր հայրերի Աստվածն է ինձ ձեզ մոտ ուղարկել, ապա նրանք կհարցնեն, ի՞նչ է Նրա անունը։
- Ես եմ, որ Է, - լսվեց պատասխանն այրվող մորենու միջից։ - Ես եմ միակ Աստվածը, Աստվածն Աբրահամի, Իսահակի և Հակոբի։
- Ես գեղեցկախոս մարդ չեմ, ծանր եմ խոսում և կակազում եմ, - շարունակեց Մովսես։ - Ինձ չեն լսի ո՛չ իսրայելացիները, ո՛չ էլ փարավոնը։
- Մի՞թե Ես չեմ արարել մարդկանց և սովորեցրել նրանց խոսել, - ասաց Աստվածը։ - Ինձ համար դժվար չէ քո բերանում անհրաժեշտ խոսքեր դնելը։
Բայց Մովսեսը դեռ շարունակում էր հակառակվել։
- Մեկ ուրիշին ուղարկի՛ր։
Եվ Աստված բարկացավ։
- Ո՛չ, Մովսե՛ս, դու՛ պետք է դա անես։ Եթե դու վախենում ես խոսել, ապա օգնության համար վերցրու՛ քո եղբայր Ահարոնին, նա կարող է դա քեզնից ավելի լավ անել։ Բայց դու՛ կլինես իմ կողմից ուղարկվածը և կհանես Իսրայելի ժողովրդին ստրկությունից։
Այդպիսով՝ Մովսեսը վերադարձավ Եգիպտոս, որպեսզի կատարի այն, ինչ իրեն պատվիրել էր Աստված։ Բայց որքան էլ Մովսեսն Ահարոնի հետ միասին փորձեցին համոզել փարավոնին արձակել իսրայելացիներին, չհամաձայնվեց։ Այդ ընթացքում իսրայելացիները ստիպված էին աշխատել ավելի շատ, իսկ նրանց պատիժներն էլ դարձան ավելի խիստ։ Աստված փարավոնին և Եգիպտոսի երկրին տասը պատուհասներ ուղարկեց․ աղետ, վնասներ և հիվանդություն, բայց փարավոնը չէր ցանկանում ազատել ժողովրդին և թույլ տալ գնալու խոստացված երկիր։
Այդժամ Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց ամեն ընտանիքի համար վերցնել մեկական ամբողջական գառ և մորթել այն իբրև զատկական գառան։ Զատիկ նշանակում է «մոտով անցնել»։ Գառան արյունը պետք էր լցնել գավաթի մեջ և երեկոյան ներկել / քսել տների դռան բարավորի և երկու սյուների վրա։ Այդ գիշեր ոչ ոք չպետք է տանից դուրս գար, որովհետև Տիրոջ հրեշտակը շրջում էր Եգիպտոսի միջով և սպանում բոլոր անդրանիկներին։ Նա անցնում էր միայն այն տների մոտով, որոնց դռների բարավորը և սյուները արյունով էին ներկված։
- ՈՒտելուց առաջ մենք պետք է ևս մի բան անենք, - ասում է ընտանիքի ավագը։ - Յուրաքանչյուրը պետք է հագնված լինի այնպես, ինչպես հագնվում են երկար ճանապարհ գնալիս և ձեռքը գավազան վերցնի։ Գառան միսը մենք պետք է արագ ուտենք։ Սա Տիրոջ Զատիկն է։ Աստված մեզ պատվիրել է հիշել այս օրը և իբրև տոն նշել սերնդեսերունդ։
Երբ ընտանիքը հավաքվեց սեղանի շուրջ, բերեցին դառը խոտերով համեմված միսը։ Համը երեխաներին դուր չեկավ, բայց ընտանիքի հայրը բացատրեց․
- Այս խոտերի պես դառը եղան Եգիպտոսում մեր ստրկական աշխատանքը։
Մսի հետ հաց մատուցեցին, որը ևս սովորական հացի պես չէր։
- Հացը պատրաստված է առանց թթխմորի, - ասաց մայրը։ - Մովսեսը պատվիրեց, որ մենք բաղարջ հաց թխենք։ Դրանով մենք ցույց պիտի տանք, որ պատրաստ ենք ճամփա ընկնելու, որովհետև երկար ճանապարհ գնալիս՝ չի կարելի թթխմորով հաց վերցնել։
Վերջապես ընտանիքները գնացին քնելու։
Իսրայելացիները վաղ առավոտից կանգնել էին իրենց տների առաջ։ Արդյո՞ք սա էր լինելու այդ օրը, որին այդքան երկար էին սպասել։ Եվ ահա իսրայելացի մի սուրհանդակ եկավ․
- Ամեն բան եղավ այնպես, ինչպես ասաց Աստված, - դեռ հեռվից գոչեց նա։ - Ամեն եգիպտացու տանը մեռավ անդրանիկ որդին, այդ թվում նաև փարավոնի որդին։ Այսօր Աստված ցույց տվեց, որ թույլ չի տա փարավոնին խոչընդոտել Իր կամքին։
- Իսկ այժմ մենք ի՞նչ անենք, - հարցրեցին մարդիկ։
- Չէ՞ որ դուք արդեն պատրաստվել եք ճանապարհ ընկնելու, - պատասխանեց սուրհանդակը։ - Վերցրե՛ք ձեզ հետ ամեն ինչ, որ ունեք և գնացե՛ք հանդիպման վայրը։
Մարդիկ գնացին իրենց տները՝ հավաքելու այն, ինչ հնարավոր էր իրենց հետ վերցնել։ Իսկ հայրերը, բռնելով իրենց ավագ որդիների ձեռքից, ցույց էին տալիս տան դռան բարավորի և սյուների վրայի արյունը՝ ասելով․
- Սա նշան է այն մասին, որ այստեղ ապրում են իսրայելացիները։ Այս արյունը, որդի՛ս, փրկել է քեզ Աստծու դատաստանից։
Այսպես է հաստատվել Զատկի տոնը։ Այս օրն է Տերն իր ժողովրդին հանել եգիպտական գերությունից։
Եվ փարավոնը Մովսեսին ու Ահարոնին ասաց․
- Ելե՛ք և դուրս եկե՛ք իմ ժողովրդի միջից, դու՛ք և բոլոր իսրայելացինե՛րդ։
Եվ եգիպտացիները շտապեցրին նրանց, որպեսզի շուտափույթ հեռանան երկրից․․․
Իսրայելացիները եգիպտացիների երկրու ապրեցին չորս հարյուր երեսուն տարի ապրեցին, մինչև որ Տերը դուրս հանեց նրանց։ Նրանք շուրջ վերց հարյուր հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց և երեխաներին։
Հարցեր քննարկման համար
4 հարցՄովսեսն անապատում ինչպիսի՞ զարմանալի երևույթ / տեսիլք տեսավ։
Աստված ի՞նչ պատվիրեց Մովսեսին։
Քանի՞ պատուհասներ ուղարկեց Աստված եգիպտացիների վրա։
Ի՞նչ է նշանակում Զատկի տոնը։