
ՄԱՆԱՆԱՆ ԵՎ ԺԱՅՌԸ
(Ելք 16, 17․1-7)
Իսրայելացիները գնում էին անապատով և կանգ էին առնում ջրի աղբյուրների մոտ՝ ծարավը հագեցնելու և անասուններին ջուր խմեցնելու։ Այնտեղ կային արմավենիներ, որոնց հաճելի ստվերում նրանք կարողանում էին հանգստանալ։ Այնուհետև նրանք շարժվում էին առաջ՝ դեպի Սինայի անապատ։
Նրանք իրենց հետ Եգիպտոսից վերցրել էին քիչ քանակությամբ հաց, որ շատ շուտ կերան։ Հիմա ի՞նչ պիտի անեին։ Իսրայելացիները պետք է հաց խնդրեին Աստծուց։ Նա սիրում էր նրանց և թույլ չէր տա, որ սովից մեռնեին։ Բայց չսովորելով Աստծուն վստահել՝ իսրայելացիները կրկին սկսեցին տրտնջալ։ Նրանք գնացին Մովսեսի ու Ահարոնի մոտ և ասացին․
- Երանի՜ մենք եգիպտացիների երկրում մեռնեինք։ Մենք այնտեղ միս ունեինք և կուշտ հաց էինք ուտում։ Դուք մեզ դուրս հանեցիք և այս անապատը բերեցիք, որ սովամահ անեք։
Եվ ի՜նչ անշնորհակալ էին նրանք Աստծու և Մովսեսի հանդեպ։ Բայց ողորմած ու երկայնամիտ Տերն ասաց Մովսեսին․
- Ես լսեցի իմ ժողովրդի խոսքերը և Ես նրանց կերակուր կտամ։
Հաջորդ առավոտ, երբ իսրայելացիները դուրս եկան վրաններից, տեսան, որ գետինը սպիտակել է։ Մովսեսն ասաց նրանց․
- Ահա՛ հացը, որ Աստված ուղարկեց երկնքից։ Հավաքե՛ք այն և ձեր վրանները տարե՛ք։
Իսրայելացիները սկսեցին հավաքել այդ երկնային մանանան (հացը), և այն բոլորին բավականացրեց։
Աստված մանանան ուղարկում էր վաղ առավոտյան, և բոլորը պետք է վաղ արթնանային՝ այն հավաքելու, որովհետև արև տակ հալվում էր։
Մովսեսն ասաց նրանց․
- Մանանան ավելցուկով չհավաքե՛ք և չպահեստավորե՛ք, որովհետև Աստված այն ամեն օր է ուղարկելու։
Սակայն որոշ մարդիկ չլսեցին Մովսեսին և մանանան պահեցին վաղվա օրվա համար։ Իսկ երբ առավոտյան ցանկացան ուտել այն, ապա տեսան, որ որդնել է, և ստիպված եղան թափել։
Շուտով իսրայելացիները բախվեցին ջրի պակասի խնդրի հետ։ Ապատում ո՛չ գետեր կային, ո՛չ լճեր և ո՛չ էլ ջրհորներ։ Բայց մի՞թե Աստված կթողներ, որ մարդիկ ծարավից մեռնեին։ Իհարկե, ոչ։ Սակայն իսրայելացիները ոչ թե Աստծուն դիմեցին, այլ նոր նախատինքներով եկան Մովսեսի մոտ։
- Ինչու՞ մեզ հանեցիր Եգիպտոսից․․․ որ մեր երեխաներին ու անասուններին ծարավից կոտորե՞ս անապատում։
Նրանք այնքան բարկացած էին, որ պատրաստ էին Մովսեսին քարկոծել։ Բայց Մովսեսն այս կարիքի համար դիմեց Աստծուն։
- Ի՞նչ անեմ այս ժողովրդին, - ասաց նա։
Այդժամ Աստված ասած Մովսեսին․
- Վերցրու՛ գավազանդ և լեռը բարձրացի՛ր, ու թող ժողովրդի միջից մեկը քեզ հետ գա։ Այնուհետև, երբ դու կկանգնես մի ժայռի վրա, հարվածի՛ր քո գավազանով ժայռին, այնտեղից ջուր կհոսի։
Մովսեսը հարվածեց ժայռին, և այնտեղից մաքուր և սառնորակ ջուր հոսեց։ Որքա՜ն հաճելի էր ծարավից տառապող ժողովրդի համար։ Նրանց շրթունքները չորացել էին, լեզուն ու կոկորդը այրվում էին ծարավից, իսկ հիմա կարող էին գոհունակությամբ խմել, սափորները ջրով լցնել, ինչպես նաև անասուններին ջուր խմեցել։
Իսրայելի ժողովրդի անապատում եղած ամբողջ ընթացքում Աստված չթողեց նրանց, թեև մարդիկ հաճախ էին տրտնջում և Աստծուն անվստահություն հայտնում։
Հարցեր քննարկման համար
5 հարցԻ՞նչ էր իրենից ներկայացնում անապատը։
Ի՞նչ արեցին իսրայելացիները, երբ սով զգացին։
Ինչպե՞ս Աստված նրանց հագեցրեց։
Ինչու՞ էր մանանան փչանում, երբ փորձում էին հաջորդ օրվա համար պահել։
Ի՞նչ արեցին իսրայելացիները, երբ ջրի պակաս ունեին , Որտեղի՞ց Աստված նրանց ջուր տվեց։