
ՀՈՎՍԵՓԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ
(Ծննդոց 42, 43, 44, 45)
Ընթացիկ յոթ տարիներին Եգիպտոսի երկրում հացահատիկի առատ բերք կար։ Այնուհետև հաջորդեցին երաշտի յոթ տարիները։ Ամբողջ երկիրը սովի մատնվեց, և մարդիկ գալիս էին փարավոնի մոտ հաց խնդրելու։
- Մենք ուտելու ոչինչ չունենք։ Մենք սովամահ ենք լինում։
Այդ ժամանակ փարավոնն ասաց․
- Գնացե՛ք Հովսեփի մոտ, և նա կօգնի ձեզ։
Ժողովուրդը գնաց Հովսեփի մոտ, իսկ նա սկսեց եգիպտացիներին հաց վաճառել շտեմարաններից։ Շատ երկրներից էին գալիս Եգիպտոս՝ հաց գնելու։ Մարդիկ հացի գնի դիմաց վճարում էին արծաթով։ Հովսեփն էլ դրամն ընդունելով՝ նրանց պարկերը ցորենով էր լցնում։ Եգիպտոսի շտեմարաններում այնքան ցորեն կար, որ Հովսեփը կարողանում էր վաճառել բոլոր կարիքավորներին։
Քանաանի երկրում, որտեղ Հակոբն էր իր ընտանիքով ապրում, նույնպես սով էր։ Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում հաց կա, որդիներին այնտեղ ուղարկեց։ Երկար ու ծանր ճամփորդությունից հետո, վերջապես նրանք հասան փարավոնի պալատ։ Այնտեղ նրանց մի մարդու մոտ տարան։ Նա կանգնեց նրանց առաջ՝ իր ողջ արտաքինով վախ և հարգանք ներշնչելով։ Իսկ ինչպիսի՜ հիանալի հագուստ էր կրում։ «Պետք է որ հենց սա լինի փարավոնի պաշտոնյան՝ Եգիպտոսում իշխանությամբ երկրորդ մարդը», - մտածեց Ռուբենը՝ եղբայրներից ավագը։ Բայց նա չճանաչեց նրա մեջ Հովսեփին՝ իր եղբորը։ Եղբայրները պաշտոնյայի առաջ գետնին ընկան՝ ի նշան երկրպագության։
- Ողորմի՜ր մեզ, տե՛ր, և մեզ ցորեն վաճառիր։ Մենք լավ կվճարենք դրա դիմաց։
Հոբսեփը ճանաչեց իր եղբայրներին։ Մի փոքր հապաղելով՝ նա մտածված որոշեց․ «Տեսնեմ արդյո՞ք փոխվել են եղբայրներիս սրտերը։ Արդյո՞ք հիշում են իր չարագործության մասին և զղջու՞մ են կատարվածի համար»։ Խիստ ձայնով ասաց նրանց․
- Դուք լրտեսնե՛ր եք։ Դուք եկել եք, որպեսզի հետախուզեք ամեն բան այս երկրում, իսկ հետո հարձակվեք մեզ վրա։
- Ո՜չ, ո՜չ, - հուսահատ աղերսեցին եղբայրները ևնրա առաջ ավելի ցած խոնարհվեցին։
Այդ պահին Հովսեփը հիշեց իր երազի մասին, որ տեսել էր շատ հին ժամանակներում․ եղբայրների խրձերը խոնարհվում էին իր խրձի առաջ։
Ռուբենը համարձակություն գտնելով՝ ասաց․
- Մենք բոլորս մեկ հոր որդիներ ենք։ Մենք տասներկուսն էինք։ Մեկը չկա, իսկ կրտսերը մնաց տանը։
- Լավ, ասաց Հովսեփը, - միայն թե ես պետք է համոզված լինեմ, որ դուք ճիշտ եք ասում։ Դրա համար ձեզնից մեկը կմնա այստեղ հսկողության տակ, իսկ մնացածը հացը կտանեք տուն և հետո ձեզ հետ կբերեք կրտսեր եղբորը։ Եթե նա գա, ապա դուք կկարողանք էլի ցորեն գնել և տուն գնալ։ Իսկ եթե դուք չվերադառնաք, ապա դուք խաբում էիք և դուք բոլորդ լրտեսներ եք։
Այդպես նրանք բոլորը ցորենով լի պարկերով հետ վերադարձան, բայց առանց մի եղղբոր՝ Սիմեոնի։
Երբ եղբայրները վերադարձան իրենց հոր՝ Հակոբի մոտ, պատմեցին իրենց հետ պատահած ողջ եղելության մասին։ Սակայն Հակոբը ոչ մի կերպ չէր ցանկանում Բենիամինին ուղարկել, որովհետև վախենում էր նրան էլ կորցնել։ Բայց երբ մի քանի ամիս անց սնունդը վերջացավ, նա ծանր սրտով թույլ տվեց կրտսեր որդուն գնալ եղբայների հետ։ Հուդան խոստացավ ուշադիր լինել Բենիամինին, որպեսզի նրա հետ ոչ մր վատ բան չպատահի։
Հենց հասան Եգիպտոսի մեծ քաղաքը, նրանց տարան պաշտոնյայի մոտ։ Դա անհանգստացրեց եղբայրներին։ Բայց ամենազարմանալին այն էր, որ նրանց տարան մեծ սրահ, որտեղ խնջույք էր։ Ինչու՞ էր փարավոնի պաշտոնյան հենց իրենց հրավիրել խնջույքի։ Նրանցից ամեն մեկին իր տեղն էր սահմանված՝ ըստ ավագության կարգի։ Այդ ինչպե՞ս կարող էին եգիպտացիներն իմանալ նրանց տարիքը։ Խնջույքի ժամանակ պաշտոնյան նրանց հետ խոսում էր թարգմանչի միջոցով՝ ցանկանալով ավելի շատ բան իմանալ նրանց ընտանիքի մասին։
Հաջորդ առավոտյան քարավանը պատրաստվում էր հետ դարձի ճամփան բռնել։ Սիմեոնը վերադարձվել էր եղբայրներին, պարկերը լի էին ցորենով, դե ինչպե՜ս կուրախանար Հակոբը՝ տանը դիմավորելով որդիներին։ Բայց նրանք չէին հասցրել շատ հեռանալ, երբ նրանց հետևից հասան զինված հեծյալները։
- Դուք ինչու՞ թալանեցիք պաշտոնյային, - նրանց վրա բղավեց վերակացուն։ - Նա ձեզ խնջույքի հրավիրեց, իսկ դուք չամաչեցիք ձեզ հետ տանել արծաթե գավաթը։
- Բայց տե՛ր, - պաշտպանվեց Ռուբենը, - մենք չենք գողացել։ Զննի՛ր մեր իրերը։ Եթե մեզնից որևէ մեկի մոտ գավաթը գտնես, կարող ես պատժել, իսկ մենք բոլորով իբրև ծառա կմնանք քո տիրոջ մոտ։
Երբ նրանք քանդեցին իրենց պարկերը, Բենիամինի պարկից դուրս ընկավ գավաթը։ Նրանք ի՜նչ իմանային, որ Հովսեփն ինքն էր կարգադրել, որ գավաթը Բենիամինի պարկի մեջ դնեն։ Հովսեփը ցանկանում էր վերջին անգամ փորձության ենթարկել եղբայրներին։
Նրանք սարսափով վերադարձան փարավոնի պալատ։ Հովսեփը հրամայել էր, որ Բենիամինին իբրև ստրուկ թողնեն Եգիպտոսում։ Եվ այստեղ Հուդան համարձակություն գտնելով՝ ասաց․
- Տե՛ր, թույլ տուր խնդրանքով դիմել։ Ես վստահեցրել եմ հորս, որ նրա կրտսեր որդու հետ ոչինչ տեղի չի ունենա։ Եթե Բենիամինը տուն չվերադառնա, մեր հայրը վշտից կմեռնի։ Դրա համար խնդրում եմ, թույլ տուր նրան գնալ, իսկ փոխարենը ես կմնամ ստրկության մեջ։
Հիմա Հովսեփը համոզվեց, որ եղբայրների իր դեմ կատարած երբեմնի հանցանքը դաս է եղել նրանց համար։ Եղբորը ստրկության վաճառելու փոխարեն, ինչպես նախկինում, հիմա նրանք իրենք են պատրաստ ստրուկ դառնալ նրան փրկելու համար։ Նրանք այլևս առաջվա պես չէին, Աստված փոխել էր նրանց սրտերը։ Ի զարմանս եղբայրների՝ Հովսեփը հանկարծ խիստ լաց եղավ / արտասվեց։ Փոքր ինչ հանգստանալուց հետո, ասաց նրանց․
- Ես ձեր եղբայր Հովսեփն եմ։
Տասնմեկ եղբայրները նայում էին նրան այնպես, կարծես երբեք չէին տեսել, և չէին կարողանում բառ արտասանել։ Այս մարդը, որ իր ձեռքում ունի ամբողջ Եգիպտոսը, հենց ինքը Հովսեփն է, որին նրանք երբևէ նախանձում էին այն բանի համար, որ հայրը բոլորից շատ է սիրում և որին ի վերջո վաճառեցին ստրկության։
- Մի՛ վախեցեք, - ասաց Հովսեփը, - ես ձեր հանդեպ չարացած չեմ, որովետև այժմ պարզ դարձավ, որ Աստված ինձ ուղարկեց Եգիպտոս, որպեսզի ձեզ և շատ այլոց փրկի սովից։ Այլապես մենք բոլորս կմեռնեինք այս աղետից։ Երաշտը դեռ երկու տարի է ինչ սկսվել է, բայց յոթ տարի է տևելու։ Այն պահից, երբ դուք այստեղ եկաք, ես համոզվեցի, որ սա Աստծու գաղափարն էր։
Եղբայրներն անշարժ կանգնած էին։ Նրանք չէին կարողանում հավատալ, որ իրենց եղբայրը, որին այդքան չարիք են պատճառել և որն այդքան հզոր է դարձել, բնավ չի պատրաստվում իրենցից վրեժխնդիր լինել։
Բայց Հովսեփը գրկաբաց բացականչեց․
- Բենիամի՜ն, մի՞թե չես ճանաչում ինձ՝ Հովսեփին՝ քո եղբորը։
Եվ իսկույն Բենիամինը վազեց նրա մոտ․ նրանք գրկախառնվեցին և լաց եղան ուրախությունից։ Պատնեշը քանդված էր։ Եղբայրները մեկը մյուսի հետևից գրկում էին Հովսեփին։ Նրանք չէին կարողանում հավատալ, որ իրենց հետ պատահածը ճշմարտություն է։ Եղբայրները երկար զրուցում էին Հովսեփի հետ․ այնքան բան էին ուզում պատմել։
Փարավոնը, լսելով, որ Հովսեփի մոտ եղբայրներն են եկել, նրան իր մոտ կանչեց։
- Ասա՛ եղբայրներիդ, որ վերցնեն ձեր հորը, իրենց ընտանիքներին և գան Եգիպտոս՝ այստեղ ապրելու, մինչև որ սովը դադարի։ Ես նրանց կառքեր կտամ, որպեսզի նրանք կարողանան իրենց ընտանիքները Քանաանից բերել։ Եվ թող չափսոսան ունեցվածքի համար, որը, հնարավոր է, ստիպված լինեն այնտեղ թողնել, որովհետև ես այստեղ նրանց ամեն ինչ կտամ։
Հովսեփը խոնարհվեց փարավոնի առաջ․
- Ի՜մ տեր, դու շատ ողորմած ես իմ հանդեպ։ Շտապեմ՝ կարգադրություններդ կատարելու։
Հաջորդ օրը եղբայրները ուղևորվեցին դեպի Քանաան Հակոբի, իրենց ընտանիքների և հոտերի հետևից։ Հովսեփը երկար նայեց նրանց հետևից, մինչև դեռ երևում էր ինչպես է Բենիամինը ձեռքով նրան հրաժեշտ տալիս։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ ձևով իրականացավ դաշտի խուրձերի մասին Հովսեփի երազը։
Ինչո՞ւ Հակոբը չէր թույլ տալիս Բենիամինին եղբայրների հետ Եգիպտոս գնալ։
Ինչո՞ւ եղբայրները վախեցան, երբ իրենց պարկերի մեջ գտան արծաթե գավաթը։