
ԱՍՏՈԾՈՒ ՀԱՆԴԵՊ ԱԲՐԱՀԱՄԻ ՍԻՐՈ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
(Ծննդոց 22)
Իսահակի ծնունդով Աբրահամի և Սառայի ընտանիքն էլ ավելի երջանկացավ։ Երեքով սիրում էին միմյանց և Աստծուն։ Գիտենք, որ Աբրահամը հարուստ մարդ էր, բայց նրա սիրտը կապված էր միայն մեկ առանձնահատուկ «գանձի»՝ որդու հետ։ Նա Իսահակին սիրում էր աշխարհում եղած ամեն ինչից ավելի, միայն Աստծու հանդեպ նրա սերն էր որդու սիրուց առավել։
Մի անգամ Աստված ցանկացավ փորձել Աբրահամին, թե որքան խորն է նրա սերն ու վստահությունն Աստծու նկատմամբ։ Եվ ահա Աբրահամը լսեց Արարչի ձայնը․
- Վերցրու՛ քո որդուն՝ Իսահակին՝ այն միակին, որին դու սիրում ես, և զոհաբերի՛ր նրան լեռան վրա, որ Ես քեզ կասեմ։
Աբրահամի համար դժվար էր այդ անել, բայց նա ցանկանում էր կատարել այն ամենն, ինչ Աստված նրան կպատվիրեր, որովհետև ամբողջ սրտով սիրում էր Աստծուն։ Աբրահամը փայտ կոտրատեց, բարձեց ավանակի վրա, իր հետ վերցրեց երկու ծառաներին, և նրանք բոլորով ճամփա ընկան։ Սառան մնաց տանը։ Ճանապարհը երկար էր։ Նրանք գնում էին վաղ առավոտից մինչև ուշ երեկո, հազվադեպ էին կարճ ժամանակով դադար առնում։ Իսահակը շատ էր ուզում իմանալ, թե ուր են գնում։ Նա մտածում էր․ «Իհարկե, հայրիկը պետք է, որ լուրջ պատճառ ունենա, եթե մինչև հիմա ինձ ոչինչ չի ասել»։
Իսկապես որ Աբրահամը պատճառ ուներ լռելու իր ճամփորդության նպատակի մասին։ Նախօրեին Աստված նրան այնպիսի մի ահավոր բան ասեց, որ Աբրահամը չէր կարողանում հասկանալ։ Իրականում Աստված ամենևին չէր ցանկանում Իսահակի մահը, սակայն Նրան պետք էր տեսնել, թե արդյո՞ք Աբրահամը պատրաստ էր ենթարկել, նույնիսկ առանց հասկանալու Նրա կամքը։ Սակայն Աբրահամը այդ մասին չգիտեր, նա կարծում էր, թե իրականում ինքը պետք է զոհաբերի սիրելի որդուն։ Եվ դա չափազանց վշտացնում էր նրան։ Բայց որքան էլ ծանր լիներ իր համար, նա կամենում էր կատարել Աստծու կամքը։
Վերջապես նրանք մոտեցան բարձր լեռանը։ Այժմ Իսահակն ալյևս չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը։
- Հայրի՛կ, ահա փայտերն ու կրակը։ Նշանակում է, որ դու ուզում ես զոհ մատուցել, - ասաց նա։ - Իսկ ու՞ր է գառը, որ մեզ հարկավոր է զոհ մատուցելու համար։
Աբրահամը ոչ մի բառ չկարողացավ ասել։ Նրան թվում էր, թե կոկորդը սեղմում են։
- Որդի՜ս, - դժվարությամբ ստիպեց իրեն խոսել, - Աստված ինքը կհոգա ողջակեզի գառան մասին։
Լեռ հասնելուն պես, նրանք սկսեցին քարեր հավաքել։ Աբրահամը քարերը շերտառշերտ մեկը մյուսի վրա դրեց, մինչև որ մի մեծ զոհասեղան պատրաստեց։ Այնուհետև նա կապեց Իսահակին, դրեց զոհասեղանի փայտերի վրա և դանակը նրա վրա բարձրացրեց։
Այդ պահին երկնքից լսվեց Տիրոջ ձայնը․
- Աբրահա՜մ, Աբրահա՜մ։
Ծերունին, դանակը ձեռքին տղայի վրա պահած, քարացած կանգնել էր․
- Այո՛, Տե՜ր։
- Ձեռք մի՛ տուր որդուդ, - ասաց Ձայնը։ - Հիմա Ես տեսա, որ դու ինձ հնազանդ ես և պատրաստ ես հանուն ինձ նույնիսկ որդուդ զոհաբերել։
Կարծես Աբրահամի սրտից քար ընկավ։ Երջանկությամբ լցված՝ նա զոհասեղանի առաջ ծունկի իջավ։ Դողդողացող ձեռքերով նա արձակեց Իսահակի կապանքները և օգնեց նրան վեր կենալ։ Հայր ու որդի գրկախառնվեցին և արտասվեցին, բայց ոչ վշտից, այլ մեծ ուրախությունից։
Այնուհետև իրենց կողմից ինչ-որ տեղից ոչխարի մայուն լսեցին։ Այդ կողմ նայելով՝ մի խոյ նկատեցին, որի եղջյուրները խճճվել էին թփերի մեջ։ Դրան էլ նրանք զոհաբերեցին զոհասեղանի վրա։ Այդ կերպ հաստատվեց Աբրահամի այն խոսքեր, որ սկզբում ասաց․ Աստված ինքը գտավ գառին իրեն զոհաբերելու համար։
Լեռն ի վար իջնելիս՝ նրանք ուրախություն ու թեթևություն էին զգում։ Իսահակն ամուր գրկել էր հոր ձեռքը։ Նրանք երկուսով մտածում էին այն մասին, թե ինչ է նշանակում սիրել մարդուն և սիրել Աստծուն, ինչպես նաև այն մասին, որ ոչ մի սեր չի կարող լինել առավել մարդու հանդեպ Աստծու սիրուց, նույնիսկ եթե երբեմն դժվար է լինում դրան հավատալ։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչու՞ Աստված պատվիրեց Աբրահամին զոհաբերել իր որդուն։
Արդյո՞ք Աբրահամը պատրաստ էր կատարել Աստծու կամքը։
Ի՞նչը կանգնեցրեց Աբրահամին, երբ նա պատրաստ էր զոհաբերել Իսահակին։