ՀԱԿՈԲՆ ՈՒ ԵՍԱՎԸ

ՀԱԿՈԲՆ ՈՒ ԵՍԱՎԸ

(Ծննդոց 24, 25, 27)

Անցավ ժամանակ։ Իսահակը հասուն տղամարդ դարձավ և ամուսնացավ Ռեբեկայի հետ։ Նրանք երկու որդիներ ունեցան՝ Եսավը և Հակոբը։ Եսավն ու Հակոբը երկվորյակներ էին, բայց միմյանց նման չէին։

Եսավն անդրանիկն էր, նա ինքնուրույն, ուժեղ և ազատատենչ անձնավորություն էր։ Նա սիրում էր նետ ու աղեղով զինված շրջել անտառներով ու լեռներով։ Լինում էր, որ նա օրերով, երբեմն նաև շաբաթներով կորչում էր տանից, իսկ երբ վերադառնում էր, գրեթե միշտ իր հետ որսամիս էր բերում։ Եսավն Իսահակի սիրելի որդին էր։

Հակոբը Ռեբեկայի սիրելի որդին էր։ Նա Եսավի պես անդադար արկածներ փնտրելու սիրահար չէր։ Նա ավելի հաճախ տանն էր լինում, վրանի մոտ, հետևում էր հոր կենդանիների / անասունների հոտերին և օգնում մեծերին տարբեր կենցաղային գործերում։

Եսավն անդրանիկ էր։ Եվ թեև նա մի քանի վարկյան էր Հակոբից շուտ ծնվել, դա նրան իրավունք էր տալիս ժառանգորդ համարվելու։ Հայտնի էր նաև, որ հայրը մահից առաջ կարող էր հատուկ օրհնություն տալ որդիներից միայն մեկին։ Այդ օրհնությունը նշանակում էր բարեկեցություն, կարողություն, ինչպես նաև ընտանիքի, ծառաների և աղախինների, անասունների և ուրիշ այլ բաների բազմապատկում, որին այդուհետ որդին պիտի տիրեր։ Դրա հետ մեկտեղ դա նաև նշանակում էր Աստծու բարեհաճությունը։ Այդ ժամանակի ավանդության համաձայն, սույն հատուկ օրհնությունը պատկանում էր անդրանիկ որդուն, այսինքն՝ Եսավին։

Սակայն կրտսեր եղբայրը՝ Հակոբը, շատ էր ուզում լինել գլխավոր ժառանգորդը, որովետև նրա համար կարևոր էր, որ հայրական օրհնության հետ մեկտեղ ստանար նաև Աստծու բարեհաճությունը։ Եսավը, ընդհակառակը, այդքան էլ չէր մտածում ավագության օգուտների մասին, նրան ավելի շատ որսորդությամբ էր զբաղված։

Մի անգամ Եսավը կրկին հեռացավ տանից, իսկ Հակոբը օգնում էր մորը տան գործերում։ Դրսում կրակի վրա նա համեղ ոսպապուր էր պատրաստում։ Ճաշի ախորժելի բույրը հեռվից գալիս էր։ Եսավը հոգնած որսից տուն էր վերադառնում։ Նա երկար ժամանակ որս գտնելու փնտրտուքներով թափառել էր մերձակայքում, այդ պատճառով ահավոր քաղցած էր։ Ցած նետելով իր նետն ու աղեղը՝ նա ասաց․

- Ինձ ինչ-որ բան տու՛ր ուտելու։

Հակոբն առանց երկար մտածելու՝ ասաց․

- Փոխարենն ինձ զիջի՛ր այն իրավունքը, որ իբրև անդրանիկ ծնունդ քեզ է վերագրված։

- Իսկ ի՞նչ իմաստ կա այդ անդրանիկության մեջ, եթե ես հիմա սովից մեռնեմ, - տրտնջաց Եսավը։

Այդ կերպ Եսավն իր անդրանիկության իրավունքը փոխանակեց մեկ ափսե ոսպապուրի հետ։ Հակոբը ներքուստ ուրախացավ։ Առաջին քայլն արված է։ Այժմ նրան մնում էր գործն այնպես դասավորել, որ հայրն իրեն օրհներ, այլ ոչ Եսավին։

Անցան տարիներ։ Իսահակը սկսեց շատ վատ տեսնել և շատ թուլացավ։ Մի անգամ նա իր մոտ կանչեց Եսավին։

- Տղա՛ս, ես չգիտեմ իմ մահվան օրը, - ասաց նա։ - Դրա համար իմ հայրական օրհնությունը ուզում եմ քեզ տալ՝ իմ անդրանիկ որդուն։ Վերցրու՛ նետերդ ու աղեղը և մի որս խփի՛ր ինձ համար։ Պատրաստի՛ր այն այնպես, ինչպես ես եմ ուզում և բե՛ր ինձ, ու ես քեզ կօրհնեմ։

Եսավը վերցրեց նետերն ու աղեղը և գնաց՝ ոչ մեկի ոչինչ չասելով։ Սակայն Ռեբեկան՝ նրա մայրը, վրանի բարակ պատի հետևից լսեց Իսահակի խոսքերը։ Նա վախեցավ․ «Ուրեմն, ամուսինս ցանկանում է օրհնել Եսավին»։ Բայց չէ՞ որ Աստված ժամանակին նրան ասել էր, որ Հակոբը պիտի օրհնյալ լինի։ Բացի դա, Հակոբը նրա սիրելի որդին էր․․․ Հիմա ի՞նչ պիտի անի․․․

Ռեբեկան վազեց Հակոբի մոտ և պատմեց նրան այն մասին, ինչ լսել էր։ Հետո նա ցածր ձայնով ասաց․

- Երկու ուլ մորթի՛ր և ինձ բե՛ր։ Ես դրանք կտապակեմ այնպես, ինչպես սովորաբար Եսավն է անում։ Եվ հայրիկը քեզ կտա օրհնությունը։

Կեսօրվա մոտ ամեն ինչ պատրաստ էր։ Ռեբեկան վերցրեց Եսավի հագուստը և տվեց Հակոբին, որը հագավ այն։ Այնուհետև Ռեբեկան Հակոբի թևերին ու կրծքին ուլի մորթի փաթաթեց, որպեսզի Իսահակը Հակոբի հարթ մաշկը շոշափելով՝ չկարողանա ճանաչել (Եսավի ձեռքերը խիտ մազածածկույթ ունեին)։ Հակոբը վերցրեց ուտելիքը և գնաց հոր վրանը։

- Ահա՛ և ես, հայրի՛կ, - ասաց նա։

Իսահակը բարձրացրեց գլուխը և ասաց․

- Ո՞վ է։

Հակոբը թուքը կուլ տալով՝ ստեց․

- Այդ ե՛ս եմ, Եսավը, քո անդրանիկ որդին։ Ես արեցի այն, ինչ ինձնից խնդրեցիր։ Վերցրու՛, կե՛ր տապակած որսամսից, իսկ հետո օրհնի՛ր ինձ։

Այս խոսքերը Իսահակի մեջ զգոնություն առաջացրին։ Եսավի ձայնը մի տեսակ տարօրինակ էր հնչում։

- Մոտեցի՛ր, տղա՛ս, ուզում եմ քեզ ձեռք տալ, - ասաց նա։

Վախից Հակոբի ճակատին քրտինքի կաթիլներ երևացին։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ հայրը հիմա նկատի նրա սուտը։ Իսահակը շոշափում էր որդուն, բայց նրա ձեռքերը հասնում էին միայն այնտեղը, որտեղ ուլի մորթով էր փաթաթված։

- Տարօրինակ է, - ասաց Իսահակը, - ձայնը Հակոբինն է, իսկ ձեռքերը՝ Եսավինը։ Ճիշտն ասա՛, դու Եսա՞վն ես։

- Այո՛, - պատասխանեց Հակոբը։ - Ես Եսավն եմ։

Ուտելուց հետո Իսահակն ասաց․

- Տղա՛ս, մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ։

Հակոբն այդպես արեց։ Իսահակը զգաց Եսավի հագուստի հոտը, և դա ցրեց նրա կասկածները։

- Տղա՛ս, քեզնից բուրում է լայն մարգագետինների բույրը, որ Աստված խոստացել է մեզ։ Մոտեցի՛ր և ծնկի իջի՛ր։

Երբ Հակոբը ծնկի իջավ նրա անկողնի մոտ, հայրը ձեռքերը դրեց որդու գլխին, ապա հանդիսավոր արտասանեց․

- Թո՛ղ Աստված քեզ շնորհի հողի առատ բերք և բազմաթիվ անասուններ։ Թո՛ղ ուրիշ ազգերը ծառայեն քեզ, և քո եղբայրն էլ քեզ ծառայի։ Թո՛ղ քեզ անիծողներն անիծվեն, իսկ քեզ օրհնողները՝ օրհնվեն։

Երբ Հակոբը դուրս էր գալիս վրանից, Եսավը վերադառնում էր որսից։

- Ահա՛ և ես, հա՛յր, - ասաց նա։ - Ես քեզ ուտելիք եմ պատրաստել։ Կարող ես ինձ օրհնել։

- Ի՞նչ։ Իսկ այդ ո՞վ էր եկել ինձ մոտ քեզնից առաջ, - վախեցած ասաց Իսահակը։ Այդ ու՞մ ես տվեցի քո օրհնությունը։

Այստեղ էլ ամեն բան բացահայտվեց։

- Հակոբը երկրորդ անգամ խաբեց ինձ, - բացականչեց Եսավը։ - Սկզբում նա խաբեությամբ ինձնից խլեց անդրանիկության իրավունքը, իսկ հիմա նաև հայրական օրհնությո՜ւնը։ Մի՞թե դու չես կարող ինձ էլ օրհնել, հայրի՛կ։

- Ո՛չ, տղա՛ս, վշտացած պատասխանեց Իսահակը։ - Աստծու կողմից անդրանիկ զավակին խոստացված օրհնությունը ես կարող եմ միայն մեկ անգամ տալ։ Քեզ էլ կարող եմ օրհնել, բայց ձեր երկուսից դու չես լինի անդրանիկը։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ինչպե՞ս էին անվանում Իսահակի որդիներին։ Ինչո՞վ էին նրանք զբաղվում։

  2. Ի՞նչ էր մտադիր անել կույր Իսահակը, երբ Եսավին ուղարկեց որսի։

  3. Ի՞նչ մասնակցություն ունեցավ Ռեբեկան Իսահակին խաբելու մեջ։

  4. Արժե՞ մերձավորների հետ վարվել այնպես, ինչպես վարվեց Հակոբն իր եղբոր և հոր հետ։ Ինչու՞

10. ՀԱԿՈԲՆ ՈՒ ԵՍԱՎԸ00:00 / 09:21