
ԲԱՂԴԱՍԱՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ
(Դանիել 5)
Նաբուգոդոնոսորի մահից հետո Բաբելոնի թագավոր դարձավ Բաղդասարը։ Նա այնքան շատ էր սիրում ժամանակը խնջույքներով և տոնական տրամադրությամբ անցկացնել, որ պալատում մի մեծ խրախճանք էր կազմակերպել ճիշտ այն ժամանակ, երբ իր թշնամիները պաշարել էին Բաբելոնը։
Երկրի հազարավոր ազնվականներ հրավիրվել էին խնջույքի, ուր գինին հոսում էր գետի պես։ Հարբած Բաղդասարը հրամայեց բերել այն ոսկյա և արծաթյա անոթները, որ նրա հայրը՝ Նաբուգոդոնոսորը, բերել էր Երուսաղեմի տաճարից։ Թագավորն ու իր ազնավականները սկսեցին սուրբ անոթներից գինի խմել և օրհնաբանել իրենց կուռքերի զորությունը՝ կարծելով, թե դրանք կարող ենք իրենց փրկել թշնամիներից։
Հանկարծ մեռյալ լռություն տիրեց սրահում։ Թագավորն ու իր հյուրերը սարսափով նայեցին պատերից մեկին, որի վրա մարդկային ձեռքը խորհրդավոր բառեր էր գրում։ Սակայն ոչ ոք չէր կարողանում ո՛չ կարդալ, ո՛չ էլ հասկանալ գրվածը։ Թագավորը սփրթնեց, ծնկները դողում էին։ Նա դեռ չէր հասկանում պատին գրվածի նշանակությունը, բայց նրա համար պարզ էր, որ տեղի ունեցողը ոչ մի լավ բան չէր խոստանում։
Նա բարձր հրամայեց իր մոտ բերել բաբելացի մոգերին ու իմաստուններին։ Բաղդասար թագավորը նրանց խոստացավ բոլոր հնարավոր բարիքները, եթե նրանք կարողանան կարդալ գրվածը, բայց իմաստունները չկարողացան այդ անել։ Այդ ժամանակ նրա մայրը հուշեց, որ թագավորության մեջ մի մարդ կա՝ Դանիելը, որի մեջ կա Սուրբ Աստծու Հոգին։ Եվ դեռ Նաբուգոդոնոսոր թագավորն իր ժամանակ նրան երկրի բոլոր իմաստունների վրա պաշտոնյա էր կարգել։
(նկար՝ ՄԱՆԵ, ԹԵԿԵՂ, ՓԱՐԵՍ)
Երբ Դանիելին բերին Բաղդասարի մոտ, թագավորն ասաց․
- Ես լսել եմ, որ դու իմաստուն ես և խելացի, և որ Աստծու Հոգին քո մեջ է։ Բաբելոնի իմաստունները չկարողացան ինձ բացատրել այդ բառերի նշանակությունը։ Եթե դու կարողանաս, ապա քեզ մեծ պարգև է սպասվում․
Դանիելը պատասխանեց․
- Քո պարգևները թող քեզ մնան, և քո պատիվներն ուրիշի՛ն տուր։ Ես առանց այդ ամենի կկարդամ գրությունը և կհայտնեմ բառերի մեկնությունը։
Դանիելը շարունակեց․
- Աստված է տիրում բոլոր թագավորների և ազգերի վրա։ Սակայն դու՛, Բաղդասա՛ր, քո սիրտը չխոնարհեցրիր Աստծու առաջ, այլ մեծամտությամբ և ամբարտավանությամբ դու և քո ազնվականները և քո կանայք գինի էիք խմում Աստծու տան անոթներով։ Եվ օրհնաբանում էիք ձեր ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որ ո՛չ տեսնում, ո՛չ լսում։ Իսկ Աստծուն, որի ձեռքում են քո կյանքը և քո բոլոր ճանապարհները, չփառավորեցիր։ Դրա համար նրա կողմից ուղարկվեց ձեռքի թաթը և գրեց այդ բառերը. ՄԱՆԵ, ԹԵԿԵՂ, ՓԱՐԵՍ։ Ահա դրանց մեկնությունը. «Աստված չափեց քո թագավորությունը և վախճանեց այն։ Դու կշեռքով կշռվեցիր և շատ պակաս գտնվեցիր։ Քո թագավորությունը բաժանվեց և տրվեց մարերին ու պարսիկներին»։
Հենց այդ գիշեր Բաղդասարը սպանվեց, իսկ Բաբելոնը գրավվեց Պարսից Կյուրոս արքայի կողմից։ Այդ կերպ դադարեց գոյություն ունենալ հզոր Բաբելոնի թագավորությունը։
Հարցեր քննարկման համար
4 հարցԻնչո՞վ էր զբաղված Բաղդասար թագավորը Բաբելոնի պաշարման ժամանակ։
Ինչո՞վ էին գինի խմում խնջույքի ժամանակ։
Ի՞նչ տեսիլք տեսան Բաղդասարն ու իր պալատականները։ Ո՞վ մեկնեց Բաղդասարին այդ տեսիլքը։
Ինչու՞մ էր կայանում Բաղդասարի գլխավոր խնդիրը։ Ի՞նչ պատահեց նրա հետ։