
ՍՈՂՈՄՈՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
(Գ Թագավորներ 2, 3)
Դավիթ թագավորը մահվանից առաջ Երուսաղեմում հավաքեց Իսրայելի ժողովրդի բոլոր զորագգլուխներին և ասաց նրանց, որ ինքը Տիրոջ Վկայության խորանի փոխարեն տաճար կառուցելու ծրագիր է ունեցել։ Բայց Տերը նրան այդ թույլ չի տվել, որովհետև Դավիթը շատ է պատերազմել․
- Իմ որդի Սողոմոնը կկառուցի Տիրոջ տաճարը, - ասաց Դավիթը։ - Տերն ինձ խոստացել է, որ Ինքը կթողնի Սողոմոնին և և կհաստատի նրա թագավորությունը, եթե նա հետևի Աստծու պատվիրաններին։
Եվ Դավիթը պնդեց, որ բոլորը պահեն Տիրոջ պատվիրանները և ծառայեն Նրան ամբողջ սրտով։ Ժողովրդի բոլոր իշխանները և Դավթի որդիները երդվեցին ենթարկվել Սողոմոնին՝ նոր թագավորին։
Տերն օրհնեց Սողոմոնին, և նա հզոր թագավոր դարձավ։ Նա եղավ սիրված և հարգված ոչ միայն իր հպատակների կողմից, այլ նաև շրջակայքի ժողովուրդների կողմից։
Սողոմոնն իր թագավորության սկզբում ազնիվ սրտով Տիրոջը զոհ մատուցեց։ Գիշերն Աստված հայտնվեց նրան երազում և ասաց երիտասարդ թագավորին․
- Խնդրի՛ր ինձ, թե ինչ ես ցանկանում։
Սողոմոնն ասաց․
- Դու միշտ հենարան ես եղել իմ հոր համար և նրանից հետո ինձ ես թագավոր կարգել, բայց ես երիտասարդ եմ և անփորձ, դրա համար խնդրում եմ Քեզ, տու՛ր Քո ծառային ողջամիտ սիրտ, որպեսզի դատեմ Քո ժողովրդին և կարողանամ զանազանել որն է բարին և որն է չարը, քանզի ո՞վ կարող է կառավարել Քո այս մեծաթիվ ժողովրդին։
Ի պատասխան նրան Տերն ասաց․
- Քանի որ դու Ինձնից խնդրեցիր իմաստություն, այլ ոչ հարստություն ու երկար կյանք, ես կկատարեմ քո խնդրանքը։ Ավելին, Ես քեզ այնպիսի հարստություն և փառք կտամ, որ նմանը չեն ունեցել ո՛չ քեզնից առաջ եղած թագավորները, ո՛չ էլ քեզնից հետո եղողները կունենան։ Եվ եթե պահպանես Իմ կանոնները և պատվիրանները, ինչպես քո հայր Դավիթը դրանք պահպանեց, Ես կերկարացնեմ նաև քո կյանքի օրերը։
Սողոմոնն արթնացավ և գոհություն հայտնեց Տիրոջը երազում խոստացածի համար։
Մի անգամ թագավորի մոտ եկան երկու կանայք մի մանկան հետ և խնդրեցին դատել իրենց։ Եվ նրանցից մեկը պատմեց․
- Մենք ապրում ենք միևնույն տան մեջ, և երկուսս էլ միևնույն ժամանակ որդիներ ծնեցինք։ Մի օր այս կնոջ որդին գիշերը մահացավ։ Երբ նա դա հասկացավ, մինչ ես քնած էի, իմ որդուն վերցրեց իր մոտ, իսկ իր մահացած որդուն դրեց կողքիս։
Սրան մյուս կինը պատասխանեց․
- Ո՛չ, իմ որդին ողջ է, իսկ քոնը՝ մեռած։
Եվ նրանք միմյանց հետ կռվում էին թագավորի առաջ։
Սա շատ բարդ հարց էր, և բոլորը սպասում էին թագավորի վճռին։ Սողոմոնը հրամայեց իր ծառային.
- Բե՛ր սուրը, երկու կես արա՛ մանկանը և մի կեսը մի կնոջը տու՛ր, մյուս կեսը՝ մյուսին։
Եվ ճչաց կինը, որի որդին ողջ էր․
- Օ՜հ, տե՜ր իմ, կենդանի մանկանը տվեք այդ կնոջը, միայն թե մի՛ սպանեք նրան։
Այդ կերպ թագավորն իմացավ, թե ով է մանկան իրական մայրը։ Նա էլ ողջ ստացավ զավակին։
Ամբողջ Իսրայելը լսեց, թե ինչ ողջամիտ դատ է արել թագավորը, և էլ ավելի հարգեցին նրան, որովետև համոզվեցին, որ նա Աստծուց է իմաստություն ստացել՝ արդար դատ անելու։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչու՞ Աստված չցանկացավ, որ Դավիթն Իր համար տաճար կառուցի։
Ի՞նչ խնդրեց Տիրոջից Սողոմոնը։
Ի՞նչ ձևով Սողոմոնը լուծեց կանանց վեճը։