ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՍԻՈՆ ԼԵՌԱՆ ՎՐԱ

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՍԻՈՆ ԼԵՌԱՆ ՎՐԱ

(Բ Թագավորներ 5․7-11, Ա Մնացորդաց 13, 15, 16)

Դավիթը վերջապես թագավոր դարձավ, ինչպես որ Աստված նրան խոստացել էր։ Նա ծնվեց Բեթղեհեմում և այնտեղ հովվեց ոչխարներին, բայց թագադրվելով՝ ապրեց Երուսաղեմում։

Երուսաղեմը յուրահատուկ գեղեցիկ քաղաք էր։ Այն տեղակայված էր մի քանի լեռների վրա, որոնցից մեկը կոչվում էր Սիոն։ Դավիթն այդ լեռան վրա իր համար պալատ կառուցեց։ Նա շատ էր սիրում Աստծուն և դրա համար ցանկանում էր, որ Աստծու Ուխտի տապանակն իր կողքին լինի։ Եվ ահա եկավ ժամանակը, երբ Դավիթը ուղղվեց նրա հետևից։

Մեծաթիվ քահանաներ էին ուղեկցում Դավթին։ Ժողովուրդը նույնպես հետևում էր թագավորին՝ տարատեսակ երաժշտական գործիքներ նվագելով․ ծնծղաներ, թմբուկներ, սրինգներ, քնարներ և տավիղներ։ Այս երաժշտությունն ուղեկցվում էր Աստծուն նվիրված փառաբանական ու գոհաբանական օրհներգություններով։ Դավիթը քնար նվագելով՝ գնում էր երաժիշտների և երգողների հետ միասին։ Հետևից գալիս էին քահանաները, որ տանում էին Աստծու Ուխտի տապանակը։

Ի՜նչ գեղեցիկ տեսարան էր, ի՜նչ ուրախալի էր լսել Աստծուն ուղղված գոհաբանությունը։ Ժողովրդի բազմությունը դուրս էր եկել հանդիսությանն ընդառաջ։ Նրանք լսում էին, թե ինչպես է Դավիթը փառաբանում Աստծուն՝ քնար նվագելով։ Ի՜նչ երջանիկ էր Դավիթն այդ օրը։

Ուխտի տապանակը բարձրացրեցին Սիոն լեռան վրա, որի բարձունքը պարսպապատված էր, իսկ դրա մեջ կառուցված էին դարպասները։ Հանդիսության մոտենալուն պես, գլխավոր դարպասները ներս բացվեցին թագավորին և Ուխտի տապանակը ներս թողնելու համար։ Դավիթը նախապես պատվիրել էր հատուկ տեղ նախապատրաստել, որտեղ այժմ դրեցին վարագույրով ծածկված Ուխտի տապանակը։ Սաղմոսերգուները երգում էին «Փառաբանե՛ք Տիրոջը» հանդիսավոր օրհներգը, որ ժամանակին գրել էր Դավիթը։ Այդ օրը Սիոն լեռան վրա թագավորը զոհեր մատուցեց Աստծուն և օրհնեց Իսրայելի ժողովրդին։

Դավիթը շատ ուրախ էր, որ Աստծու Ուխտի տապանակն այժմ մոտ է գնտվում իր պալատին։ Ամեն օր սաղմոսերգուները նվագում էին Ուխտի տապանակի առաջ և հանդիսավոր օրհներգեր երգում։

Դավիթ թագավորը միշտ չէ, որ իր պալատում էր գտնվում, նա հաճախ էր ստիպված լինում պատերազմել փղշտացիների և Իսրայելի այլ թշնամիների դեմ։ Բայց ամեն անգամ, երբ Աստված նրան և իր զորքին թույլ էր տալիս հաղթել թշնամիներին, նա վերադառնում էր Սիոն լեռը՝ փառաբանելով Տիրոջը և գոհանալով Նրանից տարած հաղթանակների համար։

Հարցեր քննարկման համար

2 հարց
  1. Ո՞ր քաղաքում էր գտնվում Դավթի թագավորական նստավայրը։

  2. Ինչպե՞ս արտահայտեց Դավիթն իր ուրախությունը Ուխտի տապանակի վերադառնալու ժամանակ։

37. ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՍԻՈՆ ԼԵՌԱՆ ՎՐԱ00:00 / 03:55