ՔԱՐԱՅՐԸ

ՔԱՐԱՅՐԸ

(Ա Թագավորներ 24)

Այժմ Դավիթը ստիպված էր մշտապես իր համար ապահով վայր փնտրել։ Որտեղ էլ նա լիներ, նրան իսկույն ճանաչում էին, և այդ մասին լուրն արագ տարածվում էր։ Գնալով ավելի շատ մարտիկներ էին հավաքվում Դավթի շուրջ։

Մի անգամ նրանք նստած էին քարայրի մուտքի առաջ, որում թաքնվում էին, և տեսան իրենց մոտեցող մեծ զորքին։

- Սավու՛ղն է, - ասաց Դավիթը։ - Նա ինձ է փնտրում, որ սպանի։ Թաքնվե՛ք։

Մարտիկներն արագ թաքնվեցին քարայրում։ Մուտքի մոտ մնացած պահակը որոշ ժամանակ անց հետևեց նրանց։

- Ինքը թագավորն է գալիս, - ասաց նա անհանգստացած։ - Սա քո շանսն է, Դավի՛թ։ Դու կարող ես սպանել նրան։ Նա մենակ է ու չի կարող դիմադրել, և այդ ժամանակ երեք հազար զինվորներ քեզ կենթարկվեն։

- Կամա՜ց, - ընդհատեց Դավիթը։

Բոլորը լռեցին։ Մթության մեջ նրանք լարված հետևում էին քարայրի մուտքին։ Եվ ահա հայտնվեց Սավուղը թագավորական հագուստով։

- Այստե՛ղ մնացեք, - կամաց ասաց Դավիթը և զգույշ առաջ շարժվեց։

Հենց այստեղ՝ ապառաժի ցցվածքի հետևում Սավուղն անհետացավ տեսադաշտից։ Եվ իրոք, երբ Դավիթը սողալով հասավ մինչև այդ ցցվածքը, տեսավ Սավուղի թիկնոցի քղանցքը։ Նա իր սրով կտրեց այն և զգուշորեն հետ վերադարձավ։

- Ինչու՞ չսպանեցիր Սավուղին, - շշուկով հարցրին մարտիկները։

- Աստված է նրան թագավոր օծել։ Ես չեմ սպանի Աստծու օծյալին, - պատասխանեց Դավիթը։

- Չէ՞ որ Աստված վաղուց է հրաժարվել նրանից և քեզ ընտրել։

- Այո՛, - ասաց Դավիթը, - դրա համար էլ Աստված ինքը կհոգա, որ ես Իր իսկ կողմից սահմանված ժամին նստեմ գահին։ Ես չպետք է այդ գործն իմ ձեռքը վերցնեմ։

Բոլորը մուտքին էին նայում։ Թագավորը դուրս եկավ քարայրից։

- Այստե՛ղ մնացեք, - հրամայեց Դավիթը և գնաց նրա հետևից։

Երբ նա դուրս եկավ քարայրի մթությունից դեպի շլացնող լույսը, տեսավ, որ Սավուղն արդեն իր մարտիկների հետ ներքևում է։

- Թագավո՜ր իմ և տե՜ր իմ, - բացականչեց Դավիթը և մինչև գետին խոնարհվեց ի նշան այն բանի, որ Սավուղին իբրև թագավորի է պատվում։ - Ինչու՞ ես կարծում, որ ես չար մտադրություն ունեմ քո դեմ։ Ես հենց նոր հնարավորություն ունեցա քեզ սպանելու։

Եվ Դավիթը գլխից վերև բարձրացրեց թագավորի թիկնոցի կտրված քղանցքը։ Սավուղը վախեցած նայեց ներքև իր հագուստին, և իսկապես թիկնոցից հատված էր կտրված։ Սավուղն արտասվեց․

- Դու ինձնից արդար ես, - բացականչեց Սավուղը դողացող ձայնով։ - Այդ արարքով դու ապացուցեցիր, որ ինձ բարին ես կամենում, իսկ ես քո հանդեպ չար մտադրություն եմ ունեցել։ Ես հաստատ գիտեմ, որ դու թագավոր կդառնաս։ Երդվի՛ր, որ իմ ընտանիքին չես ոչնչացնի։

- Երդվում եմ քեզ դրանում, - բացականչեց Դավիթը։

Սավուղը, զգացված լինելով Դավթի մեծահոգությամբ, կանչեց իր մարտիկներին և հրամայեց դադարեցնել հետապնդումները։ Ամբողջ զորախումբը շրջվեց և կազմակերպված հետ դարձի ճամփան բռնեց, իսկ Դավիթը երկար ժամանակ նրանց հետևից էր նայում։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Որտե՞ղ էր թաքնվում Դավիթը։

  2. Ինչպե՞ս վարվեց Դավիթը Սավուղի նկատմամբ։

  3. Ինչու՞ նա չսպանեց Սավուղին։

36. ՔԱՐԱՅՐԸ00:00 / 04:46