ՌԱՀԱԲԸ ԵՎ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ

ՌԱՀԱԲԸ ԵՎ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ

(Հեսու 1, 2)

Հեսու Նավեն Մովսեսի մահից հետո սկսեց Իսրայելի ժողովրդին պատրաստել խոստացված երկիրը գրավելուն։ Տերը խոստացավ օգնել Հեսուին, եթե նա հետևի Իր պատվիրաններին և ենթարկվի Իրեն։

- Զորացի՛ր և արիացի՛ր, - ասաց Տերը նրան, - Քո Տերը՝ Աստված, քեզ հետ կլինի, ուր որ գնաս։

Հեսուն պատվիրեց ժողովրդին երեք օրվա ճանապարհի համար սննդի պաշար հավաքեն, որովետև նրանք հիմա պետք է անցնեն Հորդանան գետով։ Այդ երկիրը, որ Աստված խոստացել է նրանց տալ, դրա համար էլ կոչվում է խոստացված։

Հեսուն զգուշավոր էր։ Նա որոշեց նախ երկու հետախույզներ ուղարկել, որոնք պետք է հետախուզեին երկիրը և հատկապես Երիքով քաղաքը։ Երկու երիտասարդները մտան քաղաք և գիշերելու համար մնացին Ռահաբ անունով մի կնոջ տանը, որ գտնվում էր քաղաքի պարսպի մեջ։

Երիքովի թագավորն իր ծառաներից տեղեկացավ այդ մասին և հրամայեց ձերբակալել իսրայելացիներին, բայց Ռահաբը նրանց թաքցրեց իր տան տանիքում, իսկ թագավորի ծառաներին ասաց․

- Այո՛, ինձ մոտ ինչ-որ մարդիկ էին եկել, բայց ես նրանց չեմ ճանաչում։ Եվ երբ մթնեց, նրանք հեռացան։ Հետապնդե՛ք նրանց, գուցե հասնեք։

Ծառաներն ընկան իսրայելացիների հետևից, իսկ Ռահաբը բարձրացավ տանիք իր հյուրերի մոտ և ասաց․

- Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել։ Երիքովի բոլոր բնակիչները վախենում են ձեզնից։ Մենք լսել ենք, թե ինչպիսի հրաշք է գործել Տերը, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, և Կարմիր ծովի ջրերը հետ քաշվեցին ձեր առաջ։ Մենք սարսափեցինք, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, իշխող Աստված է երկնքում և երկրի վրա։ Հիմա, այն բանից հետո, որ ձեզ բարիք արեցի, խոստացե՛ք ինձ, որ կփրկեք ինձ և իմ հարազատներին։ Ինձ մի նշա՛ն տվեք, որ դուք դա կանեք։

Հետախույզները խոստացան Ռահաբին, որ ինքն ու իր ընտանիքը կփրկվեն։ Այդժամ նա օգնեց նրանց պարանով իջնել պատուհանից։ Հրաժեշտ տալիս՝ իսրայելացի երիտասարդները Ռահաբին ասացին, որ նա կարմիր պարան կապի իր պատուհանին, որով իրենք ցած իջան։ Դա պայմանական նշան կլիներ, որի շնորհիվ պիտի փրկվեր ինքը և իր ողջ ընտանիքը, որ ապրում էին այդ տանը։ Դրանից հետո երիտասարդները հեռացան քաղաքից։ Նրանք բարեհաջող վերադարձան Հեսուի մոտ և պատմեցին իրենց հետ պատահածի մասին՝ ավարտելով հետևյալ խոսքերով․

- Տերն ամբողջ երկիրը մեր ձեռք է հանձնել, և բոլոր բնակիչները վախից դողում են մեր առաջ։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Տերն ի՞նչ խոստացավ Հեսուին։

  2. Ի՞ն չ արեց Հեսուն նախքան Քանաանի երկիր մտնելը։

  3. Ինչպե՞ս փրկվեցին հետախույզները։

27. ՌԱՀԱԲԸ ԵՎ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ00:00 / 03:57