
ՊՂՆՁԵ ՕՁԸ
(Թվեր 21․4-9)
Իսրայելն անապատով երկար դեգերեց։ Երբեմն, երբ նրանք արդեն բավական մոտենում էին Քանաանի երկրին, ամպն ուրիշ կողմ էր շարժվում, և իսրայելացիները ստիպված էին լինում կրկին անապատ վերադառնալ։ Դա նրանց շատ էր վշտացնում, որովհետև նրանք երազում էին մտնել խոստացված երկիր։
Եթե հրեաները չտրտնջային անապատում, ապա Տերը նրանց վաղուց էր Քանաան հասցրել, բայց իբրև պատիժ Նա թույլ չէր տալիս նրանց այնտեղ մտնել։
Մի անգամ նրանք կրկին ընդդիմացան Աստծու և Մովսեսի դեմ․
- Ինչու՞ մեզ Եգիպտոսից հանեցիք։ Մենք սովամահ կլինենք անապատում։ Այստեղ ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, զզվել ենք արդեն մանանայից։
Դրա համար Աստված հրեաներին խիստ պատիժ ուղարկեց․ թունավոր օձեր, որոնք խայթում էին նրանց։ Այդ օձերի խայթոցից շատ մարդիկ մահացան։
Եվ իսրայելացիները զղջացին ու ասացին Մովսեսին․
- Մեղք գործեցինք՝ Տիրոջ դեմ և քո դեմ խոսելով։ Աղոթի՛ր, որ Աստված մեզ ազատի օձերից։
Մովսեսը աղոթեց ժողովրդի համար։ Աստված լսեց նրա աղոթքը և պատվիրեց նրան․
- Վերցրու՛ պղինձը և դրանից օձ պատրաստի՛ր։ Դի՛ր այն ձողի վրա և ասա՛ ժողովրդին, որ բոլոր նրանք, ովքեր օձից խայթվեն, թող նայեն պղնձե օձին և այդժամ ողջ կմնան։
Բանակատեղիի ցանկացած տեղում գտնվող մարդիկ խայթվելիս՝ կարող էին հայացքը բարձրացնել պղնձե օձի վրա։ Դա բավական էր, որպեսզի հիվանդությունն անհետանար և առողջությունն ու ուժը վերականգնվեր։ Իսրայելացիները, որ հավատացին Աստծուն և նայեցին պղնձե օձին, փրկվում էին և փառք տալիս Աստծուն։ Սակայն, ցավոք, ոչ բոլորն էին հավատում, որ բժշկվելու համար բավական է լոկ պղնձե օձին նայել։ Նրանք չէին հավատում, չէին նայում, դրա համար մեռնում էին։ Պղնձե օձը չէր նրանց կյանք տալիս, այլ՝ Աստված։ Մարդկանցից պահանջվում էր միայն հավատ և փրկություն ստանալու Աստծու մեթոդի ընդունում։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ արեցին իսրայելացիները՝ անապատում երկար մնալով։
Աստված ու ՞մ ուղարկեց նրանց իբրև պատիժ։
Ի՞նչ պատվիրեց Աստված անել Մովսեսին, որպեսզի բժշկի օձից խայթված մարդկանց։