
ԵՐԻՔՈՎԻ ԳՐԱՎՈՒՄԸ
(Հեսու 5, 6)
Երիքովի բնակիչներն իսրայելացիների հանդեպ վախից փակել էին քաղաքի դարպասները։ Ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ներս չէր մտնում։
Եվ Տերը Հեսու Նավեին ասաց․
- Ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, թագավորին և նրա զինվորներին։ Թող քո մարտիկները շրջապատեն քաղաքը և վեց օր շարունակ պտտվեն քաղաքի շուրջը։ Եվ թող յոթ քահանաներ Տիրոջ տապանակի առջևից յոթ եղջերափողեր տանեն։ Իսկ յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտտվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը։ Այդ ամբողջ ժամանակ դուք չպետք է մի խոսք անգամ արտաբերեք։ Եվ միայն քո հատուկ հրամանով ամբողջ ժողովուրդը թող բարձր աղաղակի, և քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն։ Այդ ժամանակ թող մարտիկները քաղաք մտնեն՝ ամեն մեկն ընթանալով իր իսկ ուղղությամբ»։
Եվ Հեսու Նավեն Աստծու պատվերը փոխանցեց քահանաներին և մարտիկներին։ Նա նաև ասաց, որ ամբողջ ավարը՝ ողջ արծաթը և ոսկին, պղնձե և մետաղյա իրերը պատկանում են Տիրոջը։ Հեսուն նախազգուշացրեց ժողովրդին, որ Երիքովից իրենց համար ոչինչ չվերցնեն, որովհետև դրա համար մահվան պատիժ կստանան։
Իսրայելի ժողովուրդը ճիշտ արեց այնպես, ինչպես ասել էր Տերը։
Եվ Իսրայելի զորքը մարտի ելավ։ Առջևից գնում էին յոթ քահանաները եղջերափողերով, նրանց հետևից՝ Ուխտի տապանակը բարձած քահանաները, իսկ քահահաների հետևից գնում էին իսրայելացիները՝ ուժգին փողեր հնչեցնելով։ Հեսուն նրանց բոլորին զգուշացրել էր, որ լռեն, մինչև հատուկ հրամանը։
Վեց օր շարունակ թափորի մասնակիցներն օրը մեկ անգամ լուռ պտտվում էին քաղաքի շուրջը։ Յոթերորդ օրը վաղ առավոտյան նրանք կրկին սկսեցին լուռ պտտվել Երիքովի շուրջ, և միայն քահանաներն էին եղջերափողեր հնչեցնում։ Երբ ժողովուրդը քաղաքի շուրջը պտտվեց յոթերորդ անգամ, քահանաները եղջերափողերը հնչեցրին, իսկ Հեսուն հրամայեց․
- Աղաղակե՜ք։
Եվ բոլոր մարտիկները բարձրաձայն աղաղակեցին։ Այդ պահին քաղաքի պարիսպը ցնցվեց, նրանից սկսեցին մեծ քարեր պոկվել, և շուտով հզոր պարիսպը դղրդյունով փլվեց։ Մնաց միայն պատի մի փոքր հատվածը, որում գտնվում էր Ռահաբի տունը։
Իսրայելացի մարտիկները իսկույն ներխուժեցին քաղաք և շատ արագ գրավեցին այն։
Հեսու Նավեն նախկին հետախույզներին ասաց, որպեսզի նրանք տանից դուրս հանեն Ռահաբին և նրա ամբողջ ընտանիքին, ինչպես որ նրան խոստացել էին։ Երիտասարդները գտան նրանց և տարան Գաղգաղայում գտնվող իսրայելացիների բանակատեղին։ Իսկ Երիքովն ամբողջությամբ ավերված էր։
Հարցեր քննարկման համար
3 հարցՔանի՞ օր շարունակ իսրայելացիները պետք է պտտվեին Երիքովի շուրջը։
Ո՞վ էր գնում նրանց առջևից։ Քանի՞ հոգի էին նրանք։
Ինչու՞ Ռահաբը և նրա ընտանիքը փրկվեց։