ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ

(Թվեր 13, 14)

- Սա իսկապես որ հարուստ երկիր է, - հայտնեց Հեսու Նավեն։

Մովսեսը նրան մյուս տասնմեկ ցեղերի ներկայացուցիչների հետ միասին ուղարկել էր խոստացված երկիր, որպեսզի հետախուզեն և իմանան ինչպիսի երկիր է այն։

Քառասուն օրում նրանք շրջեցին ամբողջ երկրում և ահա վերադարձան ու պատմեցին ժողովրդին բարեբեր վարելահողերի, լայն մարգագետինների ու անտառների մասին։ Նրանք իրենց հետ բերել էին խաղողի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ երկու տղամարդ ստիպված այն կրել էին ձողի վրա։ Բոլոր հետախույզները միաբերան հաստատում էին․

- Քանաանը երկիր է, որտեղ կաթ ու մեղր է բխում։

Հետո նրանք մի քիչ տատամսեցին։ Ի վերջո նրանցից մեկը վճռական գտնվելով՝ հայտնեց․

- Մովսե՛ս, այդ երկիրը որքան էլ լավը լինի, մենք չենք կարող դրան տիրել։ Այնտեղ ապրող ժողովուրդները բավական ուժեղ են։

Մյուս տղամարդիկ էլ, որ հետախուզման էին գնացել, նույնպես սկսեցին պատմել այդ երկրի հսկաների և քաղաքների շուրջ եղած ամուր պարիսպների մասին։

Հավաքված ժողովուրդը վրդովված պոռթկաց։ Բոլորը բարկությամբ բռնկվեցին և մեղադրեցին Մովսեսին, որ իրենց ներքաշեց այդ անելանելի դրության մեջ։ Հանկարծ ինչ որ մեկը ամբոխի աղմուկի միջից ձայնը բարձրացրեց։ Դա Քաղեբն էր Հուդայի ցեղից, որ գնացել էր նոր երկիրը հետախուզելու։

- Մենք կարող ենք նրանց հաղթել, - բացականչեց նա։ - Հավատացե՛ք ինձ, իսկ նախ / առաջ հավատացե՛ք Աստծուն։ Նա խոստացել է մեզ տալ այդ երկիրը, Նա մեզ կտա։

Հեսու Նավեն քաջալերեց Քաղեբին։

- Մի՛ տրվեք փոքրհոգությանը։ Վախի աչքերը մեծ են; Միայն թե Աստծու դեմ մի՛ կանգնեք։

Բարկացած առարկություններն ընդհատեցին Հեսու Նավեի ու Քաղեբի խոսքը։ Սրտնեղությունից ու չարությունից մարդիկ չէին ցանկանում նրանց լսել։ Հանկարծ բոլորը հստակ տեսան ամպը սրբարանի վրանի վրա․ այդ Տիրոջ փառքն էր հայտնվում խորանին։

Նույն պահին ամբոխի դժգոհությունը լռեց։ Մովսեսը շտապեց սրբարան, որպեսզի իմանա, թե Աստված ինչ է ուզում ասել իսրայելացիներին։

- Այն բանի համար, որ այս ժողովուրդը թերահավատ է Իմ հանդեպ, նրանց վրա խոցեր պիտի բացվեն, - այսպիսին էր զայրացած Աստծու դատավճիռը։

Մովսեսն այս անգամ էլ աղաչեց Աստծուն ներել ժողովրդի մեղքը։

- Լա՛վ, - պատասխանեց Աստված։ - Ես չեմ ոչնչացնի այս ժողովրդին, որովհետև դու ես Ինձ դա խնդրում։ Բայց բոլորը, ովքեր տեսան իմ հրաշքները Եգիպտոսում ու անապատում և շարունակեցին իրենց կամայական վերաբերմունքը, չեն տեսնի երկիրը, որ խոստացա իրենց հայրերին։ Ես թույլ չեմ տա նրանց մտնել այդ երկիրը։ Ժողովուրդը քառասուն տարի կդեգերի անապատում և միայն դրանից հետո կտիրի նոր երկրին։ Այդ ընթացքում բոլոր մեծերը կմահանան, և միայն Հեսու Նավեն ու Քաղեբը կկարողանան մտնել Քանաան նրանց հետ, ովքեր այսօր մանուկ են։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞վ պետք է հետախուզեր երկիրը։ Քանի՞ հոգի էին նրանք։ Անվանե՛ք նրանցից երկուսին։

  2. Ի՞նչ էին նրանք տեսել Քանաանի երկրում։

  3. Ի՞նչ է մեզ ուսուցանում այս պատմությունը։

24. ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ00:00 / 04:18