
ՍԻՆԱ ԼԵՌԸ
(Ելք 19, 20, 24, 31․18)
Իսրայելացիներն իրենց վրանները խփեցին լեռան փեշերին, որովհետև ամպի սյունն այստեղ կանգ առավ։ Աստված Մովսեսին պատվիրեց լեռը բարձրանալ, որտեղ ցանկանում էր բացառապես կարևոր բան նրան հայտնել։ Երբ Մովսեսը լեռը բարձրացավ, Աստված ասաց նրան․
- Դու տեսնում ես, թե Ես որքան ողորմած գտնվեցի Իսրայելի ժողովրդի հանդեպ՝ դուրս հանելով նրան եգիպտացիների երկրից։ Գնա՛ և հարցրու՛ նրանց, թե արդյո՞ք ցանկանում են կատարել Իմ պատվիրանները։
Մովսեսն իջավ լեռան վրայից և հարցրեց իսրայելացիներին, թե արդյո՞ք նրանք լսելու են Աստծու ձայնին։ Նրանք պատասխանեցին․
- Այո՛, Տերն ինչ որ ասի, մենք կկատարենք։
Այդժամ Մովսեսը կրկին լեռը բարձրացավ և փոխանցեց Աստծուն ժողովրդի պատասխանը․
- Իսրայելն ասում է, որ կկատարի Քո բոլոր պատվիրանները։
Աստված ասաց․
- Մովսե՛ս, Ես քո միջոցով եմ խոսելու նրանց հետ։ Իջի՛ր ժողովրդի մոտ և պատվիրի՛ր նրանց, որ պատրաստ լինեն այն ամենին, ինչ Ես ասելու եմ։
- Մովսեսն իջավ իսրայելացիների մոտ ևասաց նրանց․
- Երեք օրից կլսեք Աստծու ձայնը և կտեսնեք Նրան ամպի տեսքով լեռան գագաթի վրա բազմած։ Պատրաստվե՛ք դրան և լվացե՛ք ձեր զգեստները, որպեսզի Աստծու առաջ ներկայանաք մաքուր, ճերմակ զգեստներով։
Մովսեսը նաև պատվիրեց լեռան շուրջը տարածություն թողնել / գիծ անցկացնել, որպեսզի պատահաբար ոչ ոք չմոտենար լեռանը կամ չդիպչեր նրան, որովհետև լեռանը մոտեցողը կմեռներ։ Ինչպես նաև ընտանի կենդանիները չպետք է մոտենային այդ լեռանը, որովետև այն պետք է լցվեր Տիրոջ փառքով։
Երեք օր անց առավոտ կանուխ մարդիկ լսեցին որոտի ուժեղ ձայներ, որից մարդիկ սարսափեցին։ Մովսեսը պատվիրեց մարդկանց դուրս գալ վրաններից և իրենց հայացքներն Աստծուն ուղղել։
Ահավոր տեսարան երևաց նրանց․ Սինա լեռն ամբողջովին պատված էր ծխով, ցնցվում ու դղրդում էր, որովհետև Տերը կրակի տեսքով իջնում էր նրա գագաթին։ Թնդում էր որոտը, փայլատակում էին կայծակները, լեռը ծխում էր, իսկ ամբողջ ժողովուրդը վախից դողում էր։
Տերն ասաց Մովսեսին․
- Բարձրացի՛ր ինձ մոտ լեռան գագաթը։
Մովսեսը հնազանդվեց և ամբողջ ժողովրդի աչքի առաջ բարձրացավ լեռը։ Աստված ասաց նրան․
- Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռքեր մի՛ պատրաստիր, մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր դրանց։ Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր։ Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը՝ քո Աստծուն նվիրված օր։ Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի երկար ապրես բարեբեր երկրի վրա։ Մի՛ սպանիր։ Մի՛ շնացիր։ Մի՛ գողացիր։ Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։ Մի՛ ցանկացիր ուրիշի ունեցվածքը։
Աստված վերջացրեց խոսելը, և ժողովուրդն ուրախացավ, որովհետև նրանք վախով էին լսում Աստծու բարձր ձայնը։ Երբ Մովսեսն իջավ լեռան վրայից, իսրայելացիները մոտեցան նրան և ասացին․
- Խնդրի՛ր, որպեսզի Աստված այլևս չխոսի մեզ հետ, որովհետև սարսափ պատեց մեզ։ Թող Աստված քեզ հետ խոսի, Մովսե՛ս, իսկ դու մեզ կասես։
Այդժամ Մովսեսը կրկին մտավ մառախուղի ամպի մեջ լեռան գագաթի վրա և Աստծուն փոխանցեց ժողովրդի խնդրանքը․
- Նրանք վախենում են կրկին լսել Քո ձայնը։
Աստված ասաց․
- Լավ է, որ նրանք վախենում են Ինձնից։ Ես քեզ հետ կխոսեմ, իսկ դու նրանց կփոխանցես Իմ խոսքերը։
Աստված պատվիրեց Մովսեսին բարձրանալ լեռան վրա և այնտեղ Իր հետ մենակ մնալ։ Մովսեսն այնտեղ մնաց քառասուն օր և այդ ամբողջ ընթացքում ո՛չ կերավ, ո՛չ խմեց, բայց Աստված պահպանեց նրա կյանքը և խոսեց նրա հետ ամպի միջից։
Աստվածաշունչը պատմում է, որ Աստված Իսրայելի ժողովրդին պատվիրեց Իր համար սրբարան պատրաստել՝ մի վրան, որ կարելի էր հավաքել և տեղից տեղ տեղափոխել։ Այդ վրանն անվանում էին վկայության խորան, որտեղ պահվելու էր սուրբ տապանակը։ Դրա մեջ էին դրվելու քարե սալիկների վրա գրված տասը պատվիրանները։ Նրանք պետք է տապանակը պատրաստեին ակացիայի փայտից, որը ներսից ու դրսից պատելու էին ոսկով։
Այնուհետև, Աստված Մովսեսին տվեց երկու քարե սալիկներ, որոնց վրա Ինքը գրեց տասը պատվիրանները։
Հարցեր քննարկման համար
5 հարցԱստված ու՞մ կանչեց բարձրանալ լեռը նրա հետ խոսելու համար։
Ինչու՞ համար լեռան շուրջը գիծ անցկացվեց։
Ինչու՞ ժողովուրդը չցանկացավ այլևս լսել Աստծու ձայնը։
Որքա՞ն ժամանակ Մովսեսը մնաց լեռան գագաթին։
Ի՞նչ Աստված Մովսեսին, երբ վերջացրեց նրա հետ խոսելը։