
ՀՈՎՍԵՓԻ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ
(Ծննդոց 37․13-36)
Մի անգամ Հակոբը Հովսեփին ուղարկեց եղբայրների մոտ, որ մարգագետիններում ոչխարներին ու այծերին էին արածեցնում։ Նա ասաց․
- Գնա՛, տե՛ս եղբայրներիդ ու հոտերի հետ ամեն ինչ կարգին է և արի՛, ինձ իմաց տու՛ր։
Հովսեփը միշտ ուրախ էր հոր հանձնարարությունը կատարելու համար։ Նա իսկույն ճամփա ընկավ՝ իր հետ չվերցնելով ո՛չ ծառա, ո՛չ ավանակ։ Նա հագավ իր գեղեցիկ պատմուճանը և հրաժեշտ տվեց հորը։
Հովսեփը երկար փնտրեց եղբայրներին, մինչև, ի վերջո, հանդիպեց մի մարդու, որն ասաց, թե որտեղ են գտնվում եղբայրները իրենց հոտերի հետ։ Երբ Հովսեփը նրանց էր մոտենում, եղբայրները հեռվից տեսան նրան և միմյանց ասացին․
- Ահա՛, գալիս է երազներ տեսանողը։ Եկե՛ք սպանենք նրան, գցենք որևէ փոսի մեջ, իսկ հայրիկին կասենք, թե գիշատիչ կենդանին է Հովսեփին հոշոտել։ Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես են իրականանում նրա երազները։
Բայց նրանցից ավագը՝ Ռուբենը, ասաց․
- Պետք չէ՛ սպանել, չպե՛տք է արյուն թափենք։ Եկե՛ք նրան այստեղ՝ անապատում, փոսը կգցենք։
Ռուբենը մտածում էր, որ ավելի ուշ ինքը կհանի Հովսեփին փոսից և կվերադարձնի հորը։ Եղբայրները համաձայնվեցին չսպանել եղբորը։ Հենց նա մոտեցավ, բռնեցին նրան, հագից հանեցին երփներանգ պատմուճանը։ Այդ ժամանակ Հովսեփը հասկացավ, թե եղբայրներն ինչ են ուզում իր հետ անել։ Նա դառնապես լաց եղավ, աղաչում էր խնայել իրեն և թողնել հոր մոտ գնա, բայց նրանք չէին լսում, որովհետև նրանց սրտերը դաժան էին և չար։
Եվ ահա նրանք Հովսեփին նետեցին խորը փոսի մեջ։ Նա սոված ու հոգնած՝ ընկած էր փոսի մեջ, մի կաթիլ ջուր չկար ծարավը հագեցնելու համար։ Ծանր էր Հովսեփի հոգում այն մտքից, որ նա այլևս չի կարողանալու վերադառնալ սիրելի հոր մոտ։
Չար եղբայրները, ուշադրություն չդարձնելով նրա հեկեկոցին ու արցունքներին, նստեցին ճաշելու։ Եվ հանկարծ մի քարավան տեսան․ դա վաճառականներն էին, որ թանկարժեք յուղեր, բալասան և այլ ապրանքներ էին Եգիպտոս տանում։ Եղբայրներից մեկը՝ Հուդան, ասաց․
- Այս քարավանը Եգիպտոս է գնում։ Եկե՛ք Հովսեփին ստրկության վաճառենք։ Այդ դեպքում մենք նրանք չենք սպանի, քանի որ նա մեզնից հեռու կլինի։
Երբ քարավանը մոտեցավ, եղբայրները դիմեցին վաճառականներին․
- Մենք ուզում ենք ձեզ ստրուկ վաճառել։ Դա մի տասնյոթ ամյա գեղեցիկ պատանի է՝ առողջ և ամրակազմ։ Եգիպտոսում նրան լավ գին կտան, և դուք եկամուտ կունենաք / կշահեք։
Վաճառականները զննեցին Հովսեփին, որին եղբայրները կապկպած քարշ էին տալիս փոսի մեջից, և քսան արծաթով գնեցին։
Իրենց հանցանքը թաքցնելու համար եղբայրները Հովսեփի պատմուճանը թաթախեցին այծի արյան մեջ և տվեցին հորը։ Հակոբը ճանաչելով այն՝ ասաց․
- Սա իմ որդու հագուստն է։ Վայրի գազանն է կերել նրան, Հովսեփը հոշոտված է։
Նա բազում օրեր ողբաց սիրելի որդու կորուստը, և այս աշխարհում ոչ մի բան չէր կարող սփոփել նրան․․․
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ չար ծրագիր էին կազմում Հովսեփի եղբայրները։
Եղբայրներից ո՞վ էր փորձում փրկել Հովսեփին։
Ի՞նչ արեցին եղբայրները Հովսեփի հետ։