ՀՈՎՍԵՓԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ՀՈՎՍԵՓԻ ԵՐԱԶՆԵՐԸ

(Ծննդոց 37․1-12)

Հակոբը տասներկու որդիներ ուներ։ Բոլոր որդիներն արդեն մեծացել էին։ Տարիքով փոքրը միայն նրա կրտսեր որդին էր՝ Բենիամինը։ Նրա ծննդյան ժամանակ կինը՝ Ռաքելը, մահացավ։ Ռաքելի մյուս որդին՝ Հովսեփը, Բենիամինից մեծ էր։ Նա արդեն դեռահաս էր, սիրում էր հորը և լսում էր նրան ամեն ինչում։

Հակոբի տասը ավագ որդիներն արածեցնում էին հոր այծերի ու ոչխարների հոտերը։ Նրանց արարքները հաճախ ճիշտ չէին, և դա չէր ուրախացնում հորը։ Հովսեփը երբ նրանց հետ էր լինում, վշտանում էր, տեսնելով ինչպես են անազնիվ վարվում և ասում էր հորն այդ մասին։ Հովսեփի նման վարքը բարկացնում էր եղբայրներին, դրա համար նրանք հաճախ էին նրա հետ լինում կտրուկ և կոպիտ։ Հակոբն էլ իր հերթին էր անարդար վարվում ավագ որդիների հանդեպ՝ Հովսեփին մյուս եղբայրներից առավել սիրելով։ Հոր այդպիսի վերաբերմունքն ատելություն և նախանձ առաջացրեց նրանց մեջ։

Մի անգամ Հակոբը պատվիրեց, որ Հովսեփի համար հատուկ գեղեցիկ, երփներանգ պատմուճան պատրաստեն։ Այդպիսի հագուստ Հակոբի որդիներից ոչ մեկը չուներ։ Դա եղբայրների մեջ էլ ավելի ատելություն առաջացրեց։

Երբեմն Հովսեփը տարօրինակ երազներ էր տեսնում։ Մի անգամ նա երազում տեսավ, որ եղբայրների հետ դաշտում հասկերի խրձեր է կապում։ Եվ եղբայրների կապած խրձերը խոնարհվում են իր կապած խրձի առաջ։ Հովսեփը շատ զարմացավ այդ երազի վրա և պատմեց եղբայրներին։

Նրանք խիստ բարկացան ու ասացին․

- Մի՞թե կարծում ես, թե մենք պետք է ենթարկվենք քեզ։

Շուտով Հովսեփը մեկ այլ երազ տեսավ․ արևը, լուսինը և տասնմեկ աստղերը խոնարհվում էին նրա առաջ։ Այս երազն էլ ավելի զարմացրեց նրան։ Նա պատմեց դրա մասին հորն ու եղբայրներին։

Հայրը նրան նախատեց՝ ասելով․

- Մի՞թե դու կարծում ես, որ արևը ես եմ, լուսինը՝ մայրդ, իսկ տասնմեկ աստղերը եղբայրներդ են, և մենք բոլորս կգանք ու մինչև գետինը կխոնարհվենք քո առաջ։

Սակայն Հովսեփը մտապահեց այդ երազը։ Եղբայներն էլ ավելի չարացան նրա դեմ և նախանձեցին նրան՝ ասելով․

- Հովսեփն այնքան է մեծամտացել, որ իրեն չգիտես ում տեղն է դրել։ Մենք դեռ նրան ցույց կտանք, - մտածեցին նրանք։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Հակոբը քանի՞ որդիներ ուներ։

  2. Արդյո՞ք Հակոբը ճիշտ էր վարվում՝ Հովսեփին իր սիրելի որդին դարձնելով։

  3. Ինչու՞ էին Հովսեփի երազները բարկացնում եղբայրներին։

14. ՀՈՎՍԵՓԻ ԵՐԱԶՆԵՐԸ00:00 / 03:38