ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

(Ծննդոց 32, 33, 35․1-7)

Երկար ճանապարհի ընթացքում բոլորն ուրախանում էին, որ գնում էին այն երկիրը, որ Աստված խոստացել էր Աբրահամին ու նրա ժառանգներին։ Մի բան միայն հանգիստ չէր տալիս․ ինչպե՞ս էր նրանց դիմավորելու Եսավը։ Հակոբը հիշում էր, որ մի անգամ Եսավը ցանկացել է սպանել իրեն, դրա համար հիմա նա վախենում էր, որ հանկարծ Եսավը իրեն ու զավակներին չսպանի։

Երբ Հակոբն իմացավ, որ Եսավը, չորս հարյուր մարդ իր շուրջը հավաքած, դուրս է եկել իրեն ընդառաջ, սիրտը դողաց։ Ի՞նչ անել։ Եթե Եսավը չար մտադրություն ունի, ապա Հակոբը կորած է։ Նա չէր կարող փախչել, քանի որ ահռելի քանակությամբ անասունների հոտերով, կանանցով ու երեխաներով անհնար էր արագ տեղաշարժվելը։ Իսկ պաշտպանության համար նա քիչ տղամարդիկ ուներ։

Առաջին բանը, որ արեց, նա իր հոտերը երկու մասի բաժանց և թողեց, որ առաջին մասն իրենից առաջ անցնի։ «Եթե Եսավը հարձակվի նրանց վրա, ապա ես կիմանամ, որ նա դեռ չարացած է իմ դեմ։ Այդ ժամանակ գոնե երկրորդ մասը կկարողանա փախչել», - բացատրեց նա իր որդիներին։ Ինքը՝ Հակոբը, առաջին մասի հետ դուրս ելավ։

Երբ երեկոն իջացավ, նա փոքր-ինչ հետ մնաց խմբից և սկսեց աղոթել․

- Աստվա՛ծ, ես արժանի չեմ Քո ուղարկած բոլոր ողորմություններին ու բարեգործություններին։ Եվ հիմա, խնդրում եմ Քեզ, պահպանի՛ր ինձ ու ընտանիքս։ Մի՛ թող, որ Եսավը սպանի մեզ, չէ՞ որ Դու խոստացել ես տալ իմ ժառանգներին Քո հովանավորությունը և այս հողը։

Հաջորդ օրն առավոտյան Հակոբը իր ծառաներին երեսուն ուղտերով ուղարկեց եղբորն ընդառաջ։ Երբ նրանք գնացին, Հակոբը հաջորդ ծառաներին երկու հարյուր ոչխարներով ուղարկեց։ Որոշ ժամանակ անց, նրանց հետևից ուղարկեց այծերի հոտեր, կովերի նախիրներ և ավանակների երամակներ։ Այդ կենդանիներն իբրև նվեր էին նախատեսված։ «Եթե Եսավը նվերը նվերի հետևից ստանա, ապա չի բարկանա ինձ վրա, երբ հանդիպենք», - մտածում էր Հակոբը։

Հակոբն իր բոլոր սուրհանդակներին նվերներով ուղարկեց Եսավի մոտ, իսկ Եսավը դեռ չէր հայտնվում։

Ուշ երեկոյան բոլորը պառկեցին քնելու։ Գիշերվա կեսին Հակոբը վեր կացավ և անասուններին ու ընտանիքին անցկացրեց գետի վրայով, որ հոսում էր դեպի հարթավայրի խորքը։ Նա մենակ մնաց գետի մյուս ափին։ Հանկարծ հայտնվեց ինչ-որ Մեկը և սկսեց նրա հետ մենամարտել։ Այդ մեկը Աստծու հրեշտակն էր, որ մարդու կերպարանք էր ստացել։ Նրանք երկար մենամարտեցին․ Հակոբը պաշտպանվում էր բոլոր ուժերով։ Եվ այդ Մեկը, տեսնելով, որ չի կարողանում նրան հաղթել, խփեց Հակոբի ազդրին։ Հակոբը չկարողացավ շարունակել մարտը, բայց պինդ բռնել էր հակառակորդից։

- Թո՛ղ, ինձ, - ասաց նրան հակառակորդը, - որովհետև արդեն լուսաբաց է։

Բայց Հակոբը բաց չէր թողնում Նրան։

- Նախ օրհնի՛ր ինձ։

- Ի՞նչ է քո անունը, - հարցրեց Նա։

- Հակո՛բ։

- Այսուհետև քո անունը Հակոբ չէ, այլ Իսրայել։ Քանի որ դու մարտի բռնվեցիր Աստծու հետ, մարդկանց ևս կարող ես հաղթել։

- Ասա՛ ինձ քո անունը, - խնդրեց Հակոբը, բայց Նա չպատասխանեց։

Այդ ժամանակ Հակոբը հասկացավ, որ մարդու հետ չէ մարտնչել, այլ Աստծու։ Եվ Աստված օրհնեց Հակոբին։

Երբ արևելքից արևը ծագեց, անծանոթն անհետացավ։ Հակոբը դանդաղ վեր բարձրացավ և սկսեց ծանծաղուտով անցնել գետը։ Նա կաղում էր, քանի որ ազդրը ցավում էր։

Շուտով Հակոբը հասավ հոտերին ու ընտանիքին։ Հեռուն նայելով՝ տեսավ դեպի իրենց եկող մարդկանց։ Այդ Եսավն էր իր ծառաների հետ։

Հակոբը սրտի տրոփյունով գնաց Եսավին ընդառաջ և ի նշան հաշտության՝ յոթ անգամ մինչև գետինը խոնարհվեց եղբոր առաջ։ Բայց Եսավը վազեց նրա մոտ, գրկեց, համբուրեց նրան և ասաց․

- Հակո՜բ, որքա՜ն ուրախ եմ քեզ կրկին տեսնել։

Հակոբի սրտից կարծես քար ընկավ․ Եսավն այլևս նրա վրա բարկացած չէր։ Որքա՜ն ուրախացավ Հակոբը՝ տեսնելով, որ եղբոր սիրտը մեղմացել է։ Հակոբն Աստծուց խնդրել էր ազդել Եսավի վրա, և Նա լսել էր նրա աղոթքը։ Եվ երկուսով ուրախությունից արտասվեցին։

Եսավը տեսավ Ռաքելին, Լիային և նրանց երեխաներին և հարցրեց․

- Սրանք ովքե՞ր են։

Հակոբը պատասխանեց․

- Երեխաներս են, որոնց Աստված է ինձ պարգևել։

Այդ ժամանակ Ռաքելը, Լիան, աղախինները և Հակոբի երեխաները մինչև գետինը խոնարհվեցին Եսավի առաջ։

Հետո Եսավը հարցրեց․

- Իսկ այդ ի՞նչ ոչխարների, այծերի հոտեր են և կովերի նախիրներ, որ ճանապարհին ես հանդիպեցի։ Ինչու՞ ես դրանք ինձ ուղարկել։ Ես այնքան շատ ունեմ այդ ամենից, եղբա՛յրս, այդ ամբողջ բարիքը քեզ պահի՛ր։

Հակոբը Եսավին խնդրեց․

- Ընդունի՛ր իմ նվերը, որովետև Աստված ինձ առատապես բաշխել է, և ես ամեն ինչ ունեմ։

Այդ կերպ Հակոբը խնդրեց Եսավին, և նա ընդունեց նրա նվերները։ Եսավն ասաց եղբորը․

- Եկե՛ք բոլորս միասին գնանք իմ բնակավայր։

Բայց Հակոբը պատասխանեց․

- Ես չեմ կարող արագ գնալ․ երեխաներս հոգնել են, գառներս ու ուլերս շատ են, եթե նրանց արագ քշեմ, կարող է ամբողջ անասուններին կորցնեմ։

Այդպես էլ Հակոբը չգնաց Եսավի մոտ։ Այդժամ Եսավը վերադարձավ իր տունը, որ հեռու էր Քանաանի երկրի սահմաններից։ Իսկ Հակոբն անցավ Հորդանանը և հաստատվեց Քանաանի երկրում՝ Սյուքեմ քաղաքից ոչ հեռու։ Նա վրաններ խփեց, զոհասեղան կանգնեցրեց և երկրպագեց Տեր Աստծուն։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Հակոբն ինչի՞ց էր վախենում տուն վերադառնալիս։

  2. Ինչպե՞ս անցավ եղբայրների հանդիպումը։

  3. Ի՞նչ նոր անուն ստացավ Հակոբը։

13. ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ00:00 / 08:26