ՀԱԿՈԲՆ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱԿՈԲՆ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

(Ծննդոց 29, 30, 31․1-12)

Վերջապես Հակոբը հասավ այն վայրը, որտեղ ապրում էին իր բարեկամները։ Նա հովիվներին հարցրեց, թե արդյո՞ք ճանաչում են Լաբանին։

- Ճանաչում ենք, - պատասխանեցին հովիվները։ - Տեսնու՞մ ես այն աղջկան, որ որ դեպի այս կողմ ոչխարների մեծ հոտ է բերում։ Դա Ռաքելն է՝ Լաբանի կրտսեր դուստրը։

Հակոբն այդ կերպ համոզվեց, որ հասել է իր ճանապարհորդության նպատակին։ Նա Աստծուն ցածրաձայն շնորհակալություն հայտնեց և օգնեց Ռաքելին ջրհորից ջուր խմացնել ոչխարներին։ Ռաքելը շատ գեղեցիկ էր, և Հակոբն իսկույն նկատեց այն։ Սակայն նա դեռ չասաց նրան, թե ինքն ով է։

- Ինչու՞ ես ինձ օգնում, - հարցրեց Ռաքելը։

- Շատ տարիներ առաջ քո հորաքույր Ռեբեկան հեռացել է այստեղից Քանաանացիների երկրում ամուսնանալու համար, - պատասխանեց Հակոբը։

- Գիտեմ, - ասաց Ռաքելը, - ինձ այդ մասին պատմել է իմ հայր Լաբանը։ Իսկ դու ո՞վ ես։

- Ես Հակոբն եմ՝ Ռեբեկայի որդին։

- Ուրեմն դու իմ բարեկա՜մն ես, - ուրախացավ Ռաքելը։ - Բարով ես եկել մեզ մոտ։

Լաբանը լսելով Հակոբի մասին՝ ուրախությամբ նրան ընդառաջ վազեց։

- Մտի՛ր իմ տուն, եղի՛ր իմ հյուրը։

Լաբանի տանը մեծ ուրախություն էր տիրում։ Տոնական ուտեստները մատուցված էին։ Հակոբը ստիպված եղավ բարեկամներին երկար ժամանակ պատմել այն մասին, որ իր հայր Իսահակն արդեն ծեր է և կույր, իսկ Ռեբեկան դեռ ողջ ու առողջ է, այն մասին, որ ինքը երկվորյակ եղբայրներից կրտսերն է և որ ինքը ստացել է հոր օրհնությունը և ժառանգորդ դարձել։

- Ասա՛ ինձ, Հակո՛բ, - հարցրեց Լաբանը, - հայրդ համաձայնություն տվե՞լ է քո ճամփորդությանը։

- Նույնիսկ ինքն է ինձ ուղարկել, - պատասխանեց Հակոբը։ - Ես այստեղ պիտի ինձ կին գտնեմ։

Հակոբն արդեն սիրում էր Ռաքելին և երազում էր, որ նա իր կինը դառնա։ Նա մնաց Լաբանի տանը և մի ամբողջ ամիս աշխատեց նրա մոտ։ Մի անգամ Լաբանը նրան հարցրեց, թե ինչ պարգև է ուզում ստանալ իր աշխատանքի դիմաց։ Հակոբն արդեն մտածել էր այդ մասին։

- Լաբա՛ն, դու գիտես, որ եթե ուզում ես ամուսնանալ, ապա պետք է հարսնացուի հորը գլխագին վճարես։ Իսկ ես ուզում եմ Ռաքելի հետ ամուսնանալ։ Դու կհամաձայնվե՞ս, որ ես քեզ մոտ յոթ տարի աշխատեմ, և դա լինի իմ տված գլխագինը Ռաքելի համար։

Լաբանը ժպիտով գլխով արեց․

- Իհարկե՛, ավելի լավ է դստերս քեզ հետ ամուսնացնեմ, քան մեկ ուրիշի։

Եվ ահա Հակոբը յոթ տարի աշխատեց Լաբանի համար։ Վերջապես այս ժամանակը լրացավ, և եկավ երկար սպասված օրը։ Հարսանիքին հարսը ամբողջովին ծածկված էր քողով, այդպիսին էր ավանդույթը։ Եվ միայն հարսանիքից հետո առավոտյան փեսան տեսավ հարսի դեմքը։ Երբ նա հանեց քողը, Հակոբը վախեցավ․ նա, ում հետ ինքն ամուսնացել էր, Ռաքելը չէր, այլ նրա քույր Լիան։

Հակոբը վազեց Լաբանի մոտ։

- Սա ի՞նչ է նշանակում, - գոռաց Հակոբը։ Ես յոթ տարի չեմ աշխատել Լիայի համար, այլ Ռաքելի։ Դու խաբել ես ինձ։

- Գիտե՞ս, մեզ մոտ կրտսեր աղջկան ավագից առաջ չեն ամուսնացնում։

Հակոբն ընկավ գետնին ու լաց եղավ։ Միայն հիմա նա հասկացավ, թե ինչ ահավոր բան է խաբված լինելը։ Լաբանը Հակոբին ասաց, որ թույլ կտա նրան Ռաքելի հետ ևս ամուսնանալ, եթե նա յոթ տարի ևս աշխատի։

Այդ ժամանակներում տղամարդիկ կարող էր մի քանի կին ունենալ, և Հակոբը համաձայնվեց այդ առաջարկի հետ։ Մեկ շաբաթ անց ևս մեկ հարսանիք արեցին։ Այս անգամ առանց խաբելու։ Հակոբն այժմ ամուսնացավ այն կնոջ հետ, որին սիրում էր։

Հակոբը ևս յոթ տարի աշխարտեց աներոջ մոտ։ Իսկ երբ այդ ժամանակը լրացավ, նա շարունակեց Լաբանի մոտ աշխատել։ Բայց հիմա նա հարսնացուի գլխագնի համար չէր աշխատում, այլ ինքը տեր դարձավ մեծաքանակ կովերի նախիրների, ոչխարների և այծերի հոտերի։ Ի վերջո նրա անասունների հոտերը Լաբանի ունեցածից ավելի էին։ Դրանից զատ նա տասներկու երեխաներ ուներ՝ տասնմեկ տղա և մեկ աղջիկ։ Նա գոհ էր․ Տերը նրա հետ էր և օրհնել էր նրան։ Սակայն շուտով Հակոբը նկատեց, որ Լաբանը և նրա որդիները սկսել են նախանձել իր հարստությանը։

Այս ժամանակ Աստված նրան ասաց, որ վերադառնա իր հայրերի երկիրը՝ ընտանիքի մոտ։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչպե՞ս ծանոթացան Հակոբն ու Ռաքելը։

  2. Ինչպե՞ս Լաբանը խաբեց Հակոբն։

  3. Ինչու՞ Լաբանի որդիները Հակոբի հանդեպ իրենց վերաբերմունքը փոխեցին։

12. ՀԱԿՈԲՆ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ00:00 / 06:04